Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ի առավոտյան Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Վրաստան է ժամանել և Բաթումում է գտնվում։ Վրաստանի ՆԳՆ-ն, ի պատասխան, արտակարգ հայտարարություն է արել, որ նախկին նախագահը, որը հետախուզման մեջ է մի քանի քրեական գործերով, պաշտոնապես երկրի պետական սահմանը չի հատել։ Եթե դա հաստատվի, նա կկալանավորվի, հայտարարել է ՆԳՆ-ն։
Սաակաշվիլին այս ընթացքում արդեն երկու տեսանյութ է հրապարակել և պնդում է, որ Բաթումում է։ Շատերը համարում են, որ տեսանյութում երևացող շենքերը հաստատում են դա։
«Բոլորը պետք է հասկանան, որ [իշխող] «Վրացական երազանք» կուսակցության օգտին քվեարկությունը նշանակելու է Վրաստանի համար դատավճռի ստորագրում։ Այդ պատճառով էլ մենք բոլորս պետք է հոկտեմբերի երկուսին գնանք ընտրատեղամասեր՝ երկիրը փրկելու։ Հետևաբար, խնդրում եմ ցույցը բազմամարդ և հզոր դարձնել, որպեսզի նրանք չկարողանան ինձ կանգնեցնել։
Եթե բռնապետական կառավարությանը հաջողվի ինձ կալանավորել, դա պետք է էլ ավելի ամրապնդի մեր իշխանությունը», — հայտարարել է Սաակաշվիլին։
Նա նաև պնդում է, որ հոկտեմբերի 2-ին ընտրատեղամաս է գնալու և քվեարկելու է հօգուտ իր «Միասնական ազգային շարժում» կուսակցության։
Սաակաշվիլին բնակչությանը կոչ է անում «ոչ մի դեպքում չքվեարկել այն ուժերի օգտին, որոնք կապված են [օլիգարխ, Վրաստանի ստվերային ղեկավար] Իվանիշվիլիի, Գախարիայի հետ [նախկին վարչապետ, որը հայտարարել է ընդդիմության շարքերն անցնելու մասին]»։
«Եթե ձեզ դուր չի գալիս «Միասնական ազգային շարժումը», քվեարկեք ուրիշ, համեմատաբար ազնիվ ոչ մեծ կուսակցությունների օգտին», — ասել է Սաակաշվիլին։
Տեսաուղերձները նա նկարահանել է բջջայինով մթության մեջ, այդ պատճառով դրանք վատ որակի են։ Եթե դրանք իրոք արվել են Բաթումում, դա նշանակում է, որ Սաակաշվիլին Վրաստան է ժամանել նվազագույնը սեպտեմբերի 30-ի երեկոյան։ Թե ինչպես է նա երկիր մտել, չի հաղորդվում։
Մի քանի օր առաջ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Վրաստան է վերադառնալու հոկտեմբերի 2-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների կարևոր ընտրությունների օրը։
Հրապարակված տեսանյութերում Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է Թբիլիսիում ընտրությունների հաջորդ օրը՝ հոկտեմբերի երեքին, զանգվածային հանրահավաքի մասին․
«Մենք պետք է […] լցնենք Ռուսթավելու պողոտան և Ազատության հրապարակը, և եթե 100 հազար մարդ հավաքվի, ոչ ոք մեզ չի հաղթի։ Եվ Վրաստանը կրկին զարգացման ուղին կբռնի։ Աղքատությանն ու սարսափին վերջ կգա։ Մինչ նոր հանդիպում շուտով Թբիլիսիում», — ասել է Սաակաշվիլին։
Վրաստանում Սաակաշվիլիի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել։ Նա մեղադրվում է իշխանության չարաշահման, բյուջետային միջոցների վատնման, 2007 թ․ նոյեմբերին ընդդիմության ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաալիք ներխուժելու համար։ Սաակաշվիլին ներգրավված է նաև պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի և Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործերում։
Մի գործով նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ դա նշանակում է, որ, վրացական օրենքների համաձայն, հենց նախկին նախագահը հատում է Վրաստանի սահմանը, պետք է ձերբակալվի։
Ընդ որում, ի աջակցություն նրա՝ հատուկ կայք է ստեղծվել, որտեղ արդեն ավելի քան հարյուր հազար մարդ է գրանցվել։ Կայքի հիմնադիրը «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Թակո Չարկվիանին է։ Նա նաև գրանցել է «Համաժողովրդական շարժում՝ Սաակաշվիլիի վերադարձի համար» կազմակերպությունը։