Ռուս պատգամավորը համարում է, որ պետությունն ավելի կարևոր է, քան երեխաներն ու հաշմանդամները
Ռուսաստանի խոշորագույն քաղաքներից մեկի` Եկատերինբուրգի քաղաքային խորհրդի պատգամավոր Նիկոլայ Կոսարյովը պատասխանել է Ուրալինֆորմբյուրոյի թղթակցի մի քանի հարցերին: Դրա արդյունքը սկանդալն էր:
Կոսարյովը ասել է, թե նորածիններին և հաշմանդամներին ցուցաբերվող oգնությունը պետք է չափավոր լինի:
«Ահա մենք ստեղծում ենք պերինատալ կենտրոններ, որտեղ հոգ ենք տանում 500-ական գրամ քաշով նորածինների համար: Եվ հետո, ես համարում եմ, հաճախ մենք բուծում ենք այն մարդկանց, որոնք առողջության ներուժ չունեն: Նրանք հաշմանդամ են, նրանք հիվանդ են», — հայտարարել է պատգամավորը:
Նա նաև գանգատվել է, որ ուղեղի կաթված ստացած մարդիկ հաճախ դառնում են հաշմանդամ ու մնում «պետության հոգածության ներքո»: Կոսարյովը համարում է, որ դա լավ է մահացության կրճատման տեսանկյունից, բայց հավելյալ բեռ է դառնում պետության համար:
Պատգամավորը համարում է, որ առաջնահեթ խնդիրը պետք է լինի ոչ թե պերինատալ կենտրոնների կառուցումը, որտեղ հոգ են տանում վաղածին երեխաների համար, այլ մարդկանց մոտ «սեփական առողջության հանդեպ պատասխանատվության» դաստիարակումը:
Պատգամավորն ինքը, իր իսկ խոսքով, «պետությանն անհանգստություն չպատճառելու համար», պարբերաբար հաճախում է բաղնիք, սնվում է էկոլոգիապես մաքուր սննդով և հանգստանում է բնության գրկում: