Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությունը բեմադրված է եղել՝ կանխելու համար նրա դեմ իրական մահափորձը
Ռուս ընդդիմադիր լրագրող Արկադի Բաբչենկոն կենդանի է, Կիևում մայիսի 29-ին նրա սպանության մասին տեղեկություններն Ուկրաինայի անվտանգության ծառայության բեմադրման մաս են եղել: Ուկրաինական “Հրոմադսկոյե” հեռուստաալիքը ցուցադրել է, որ այդ մասին հաղորդել է ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը մայիսի 30-ի երեկոյան Կիևում կայացած բրիֆինգին:
Գրիցակը մոտեցել է բարձրախոսին դեմքի լուրջ արտահայտությամբ և ասել.
«Ես կցանկանայի ցավակցություն հայտնել Արկադի Բաբչենկոյի ընտանիքին: Սակայն նման բան չեմ անի: Ցանկանում եմ շնորհավորել նրա ընտանիքին, ձեզ բոլորիդ, ողջ աշխարհին, որը հետևում է այս գործողությանը: Եվ շնորհավորել Բաբչենկոյին նրա երրորդ ծննդյան օրվա կապակցությամբ»:
Այնուհետև խոսափողին է մոտեցել Արկադի Բաբչենկոն:
Նա շնորհակալություն է հայտնել անվտանգության ծառայությանն այն բանի համար, որ «ինքը կենդանի է մնացել» և ներողություն խնդրել իր հարազատներից ու ընկերներից, որ ստիպված էին իրեն «թաղել»:
«Առանձնակի ցանկանում եմ ներողություն խնդրել կնոջիցս այն դժոխքի համար, որի միջով նա անցավ այս երկու օրվա ընթացքում: Օլեչկա, ներիր ինձ, խնդրում եմ, սակայն այս դեպքում այլ տարբերակ չկար», — ասել է Բաբչենկոն, գրում է «Մեդուզան»:
Լրագրողի սպանության բեմադրումն, ինչպես պատմեց Գրիցակը, հատուկ գործողության մի մաս էր, որի արդյունքում Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կարողացավ կանխել Բաբչենկոյի դեմ պատրաստվող մահափորձը: Հատուկ գործողությունը երկու ամիս է նախապատրաստվել, Բաբչենկոն դրա մասին իմացել է անցկացումից մեկ ամիս առաջ: Ըստ նրա՝ նա ընտրություն չուներ՝ համաձայներ ծառայության հետ համագործակցել, թե ոչ, քանի որ հակառակ դեպքում իրեն կսպանեին:
Գրիցակի խոսքով՝ ենթադրյալ մահափորձի կազմակերպիչը հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ նա ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է, նա 30 հազար դոլար է առաջարկել Բաբչենկոյի սպանության դիմաց և որպես կանխավճար փոխանցել էր այդ գումարի կեսը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պահանջել է ապահովել Բաբչենկոյի և նրա ընտանիքի շուրջօրյա պահպանությունը: «Հազիվ թե Մոսկվան հանգստանա», — գրել է Պորոշենկոն Ֆեյսբուքում: