Ռուս զինվորականները Հայաստան են ժամանել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում
Ըստ ապրիլի ութի պաշտոնական տվյալների՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 881 դեպք։ Հիվանդներից վեցը հայկական բանակի զինծառայողներ են։ Սկզբից հիվանդությունը հաստատվել էր զինվորականներից մեկի ընտանիքի անդամի մոտ, այնուհետև՝ հենց իր մոտ, նաև իր ծառայակիցների մոտ։ Բոլոր վարակվածները ծառայում են մեկ զորամասում, որը մարտական խնդիրների լուծմանը չի մասնակցում։ Հիվանդները նախապես մեկուսացվել էին՝ անմիջապես այ բանից հետո, երբ վարակը հաստատվել էր զինծառայողներից մեկի մոտ։ Նոր դեպքեր չկան։
Ապրիլի 7–ի երեկոյան երկու ռուսական տրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ է ժամանել՝ ռազմական ոլորտի մասնագետներով և բուժսարքավորումներով։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը հաղորդել է, որ ապրիլի 8–ին արդեն կգործարկվի Ռուսաստանից բերված շարժական լաբորատորիան։ Եվ ռուս մասնագետները կսկսեն հետազոտել կորոնավիրուսի անալիզների նմուշները, որոնք կհանձնեն հայ զինծառայողները և 102–րդ ռուսական ռազմաբազայի անձնակազմը։
Կարծիք․ ռուսները լքեցին յուրայիններին
Կորոնավիրուսը Կովկասում։ Իններորդ մահը Հայաստանում, 28 նոր դեպք։ Թարմացվում է
Ինչո՞ւ է ռուսական լաբորատորիան Հայաստան բերվել
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աջակցման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը», — հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ ռուս մասնագետները Հայաստան են բերել նմուշառման համակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:
Շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել կորոնավիրուսի առկայության օրական 100 ՊՇՌ /PCR/ անալիզ: Թեստավորման այդ համակարգը համարվում է ախտորոշման բարձր ճշգրտության մեթոդ, այն իրականացվում է մարդու գենետիկ նյութի հետազոտության հիման վրա։ Թեստերի պատասխանները ստացվում են հինգ ժամում, դրանք ապահովում են 99% ճշգրտություն։
Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի՝ նմուշառում կիրականացնեն Հայաստանի ԶՈՒ փորձագետներն, իսկ անալիզները կհետազոտեն ռուս մասնագետները։
«Լաբորատորիայով շարժական խումբն աշխատելու է Հայաստանի Զինված ուժերի սանիտարահամաճարակաբանական անձնակազմի հետ միասին», — հաղորդել է Հայաստանի ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ Տիգրան Ավետիսյանը։