Ռուս բլոգեր Վառլամովին խնդրել են վերադառնալ Ադրբեջան
Ռուս բլոգեր Իլյա Վառլամովը վերադարձել է Բաքու, որտեղից նրան արտաքսել էին նոյեմբերի 2-ին: «Երեկ աշխատակիցները սխալ որոշում են կայացրել: Մենք պատրաստ ենք փոխհատուցել Ձեր բոլոր ծախսերը, վերադարձեք, խնդրում եմ, մենք Ձեզ համար տոմս կգնենք», — Վառլամովի խոսքով՝ այսպես է ասել Ադրբեջանի սահմանային ծառայության ներկայացուցիչը՝ զանգահարելով արդեն Ստամբուլ տեղափոխված բլոգերին:
• Ինչո՞ւ Վառլամովին թույլ չեն տվել Ադրբեջան մուտք գործել
• Քաուչսերֆինգ` ադրբեջանական ձևով
Վառլամովն առաջարկն ընդունել է և նոյեմբերի 4-ին կրկին վերադարձել է Բաքու: Այս անգամ նրան շատ բարեհամբույր և հյուրընկալ են դիմավորել: Կին սահմանապահը նույնիսկ ծաղկեփունջ է նվիրել: «Կյանքում առաջին անգամ է, որ ինձ մեկը ծաղիկ է նվիրում, հաճելի է», — այս մասին իր բլոգում գրել է Վառլամովը:
Նա մեջբերել է նաև տեղական լրատվամիջոցներից հատվածներ, որոնք հաղորդել են, որ միջադեպի մեղավորներն արդեն պատժվել են:
Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերից շատերի մոտ նման շրջադարձն ավելի շատ զայրույթ էր առաջացրել, քան ուրախություն.
«Հետո էլ կզարմանան, թե ինչու մեր երկիրը ոչ ոք լուրջ չի ընկալում»:
«Մեղկ են սահմանապահները: Նրանց են մեղավոր դարձնելու, թեև անմեղ են: Վերևների հրահանգն են կատարել: Այս ի՜նչ երկիր է: Խայտառակվեցին, հիմա էլ ծաղիկներով են դիմավորում»:
«Միգուցե մենք չհասկացա՞նք մեր իշխանությունների միտքը: Սկզբից նրան իբր չեն թողնում երկիր մտնել: Նա նեղացած հեռանում է: Հետո աստվածային նախախնամությունն է միջամտում: Ողջ աշխարհը տեսնում է, թե ինչ լավ են աշխատում օրենքներն Ադրբեջանում»: