Ռուսաստանում դատարանը հարկադիր բուժման է ուղարկել շամանին, որը խոստացել է «վռնդել Պուտինին»
Յակուտիայի (Ռուսաստանի կազմում գտնվող շրջան) բնակիչ Ալեքսանդր Գաբիշևը, որն իրեն «շաման» և «սպիտակ կախարդ» է անվանում և խոստացել է «վռնդել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հարկադիր բուժման կուղարկվի հոգենյարդաբանական դիսպանսեր։ Այսպիսի վճիռ է կայացրել Յակուտսկ քաղաքի դատարանը հունիսի 2–ին, հաղորդում է «Նովայա գազետան»։
Նրա հոսպիտալացման ժամկետը չի շվում։ Դիսպանսերի ներկայացուցիչները պնդել են, որ Գաբիշևը հարկադիր բուժում պետք է անցնի հոգեբուժարանում, քանի որ, ըստ նրանց, շամանը տառապում է «իր անձի գերագնահատմամբ»։
- Շամանի որս․ Ռուսաստանում շարունակվում է ճնշումն այն մարդու վրա, որը խոստացել է «վռնդել Պուտինին»
- Ռուսները կդառնան Ռուսաստանի գլխավոր ժողովո՞ւրդ
«Բժիշկները դա հիմնավորում են նրանով, որ Գաբիշևը մտքեր է արտահայտել «կառավարությանը վնասելու և Պուտինին պաշտոնանկ անելու վերաբերյալ, քանի որ նա դև է և հակաքրիստոս», ինչպես նաև կոչ է անում «տապալել օրինական ընտրված իշխանությունը»», — պատմել է «Իրավապաշտպանություն Բացիկներ» կազմակերպության համակարգող Ալեքսեյ Պրյանիշնիկովը։

Դատական նիստից առաջ հօգուտ Գաբիշևի է խոսել Յակուտսկի քաղաքապետ Սարդանա Ավքսենտևան, որը շամանի նկատմամբ հետապնդումն անվանել է «ընտրական պատժիչ գործողություն»։ Նրա կարծիքով՝ դիսպանսերի հայցի բավարարման դեպքում «կարող է վերականգնվել այն պրակտիկան, երբ «անձի գերագնահատում» ձևակերպման միջոցով ցանկացած մարդու կարող են հարկադիր բուժման ուղարկել»։
Շամանն այն ժամանակ հանգիստ էր տրամադրված։ «Եթե դատաքննությունը բացասական ելք ունեցավ, դա դեռ վերջը չէ, քամի ցանողը փոթորիկ կհնձի», — նրա խոսքերն էին փոխանցում իրավապաշտպանները։
Ալեքսանդր Գաբիշևը 2019 թ–ին ոտքով ուղևորվել էր դեպի Մոսկվա, որպեսզի, ինչպես ինքն էր հայտարարում, «վռնդի Պուտինին» կախարդանքի օգնությամբ։ Գաբիշևն իրեն սպիտակ կախարդ է անվանում, որի առաքելությունը Ռուսաստանը գործող նախագահի «դիվային իշխանությունից» ազատելն է։
Շամանը ձերբակալվել էր 2019 թ–ի սեպտեմբերին, երբ ոտքով քայլում էր Սիբիրի մայրուղիների երկայնքով արդեն կես տարի։ Նրան Յակուտիա էին ուղարկել և տնային կալանք սահմանել։