Ռուսաստանում 18-ամյա ուսանողը հրաձգություն է իրականացրել համալսարանում և սպանել 8 հոգու
Ուսանողը կրակ է բացել է Ռուսաստանի Պերմ քաղաքի համալսարանում
Նվազագույնը 8 մարդ է մահացել Ռուսաստանի Պերմ քաղաքի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ 24 մարդ վիրավորվել է։ Ուսանողների և դասախոսների վրա կրակած անձը ձերբակալվել է։ Նա նույն համալսարանի ուսանող է։ «Ես ուզում եմ ամեն ինչ ավերել իմ ճանապարհին», — գրել է նա հարձակման նախօրեին։
Ինչպես հաղորդում է ռուսական «Նովայա գազետան», համալսարանի շենքում հրաձգություն իրականացրածը 18-ամյա Տիմուր Բեկմանսուրովն է։ Նա նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող է։
Նա ներխուժել է համալսարանի շենք՝ սպանելով անվտանգության աշխատակցին, այնուհետև շարունակել կրակել շենքում գտնվող մարդկանց վրա։ Ուսանողը կրակել է իր անունով գրանցված որսորդական հրացանով։
Ոստիկանության ժամանած աշխատակիցները ձերբակալել են Բեկմանսուրովին, որը դիմադրել է և վիրավորվել։ Նրա դեմ գործ է հարուցվել երկու և ավելի անձանց սպանության հոդվածով։
Համացանցում տեսագրություններ են տարածվում, որոնցում երևում է, թե ինչպես են հրաձգության ընթացքում ուսանողները փրկվում՝ պատուհանից ցած նետվելով։
«Վկոնտակտե» սոցցանցի իր էջում Բեկմանսուրովը մեծ գրառում է կատարել սպառնալիքներով, որոնք հայտնի չեն, թե ում են ուղղված։
«Զայրույթից պայթում եմ, ուզում եմ ամեն ինչ ավերել իմ ճանապարհին, այս աշխարհում թողնել հրանավորինս շատ ցավ, նրանք, ում չեմ կարողանա սպանել, ընդմիշտ կհիշեն այս օրը […]։ Ինձ պես թափթփուկները ոչնչացնելու են ձեզ շրջապատող ամեն ինչ, որովհետև աշխարհը փտել է, դուք բոլորդ ներսից փտել եք»,- մարդասպանի՝ սոցցանցերի այս գրառումն է մեջբերում Դոժդ հեռուստաալիքը (այժմ գրառումն արդեն ջնջվել է)։
Ռուսական մեդիայում գրում են, որ Բեկմանսուրովի համադասարանցիները նրան «շատ լռակյաց» են անվանում, ասում են, որ նա միշտ է հետաքրքրվել զենքերով, պատերազմով, ահաբեկչությամբ և ահաբեկչական գրոհներով։
Նման դեպք էր տեղի ունեցել նաև ռուսական Կազան քաղաքում մայիսի 11-ին, երբ օրինական ճանապարհով ձեռք բերված որսորդական հրացանով զինված ուսանող Իլնազ Գալյավիևը դպրոց էր ներխուժել, որտեղ ժամանակին սովորել էր։ Հարձակման հետևանքով ինը մարդ էր մահացել։