Ռուսաստանն ԱՄՆ անվտանգության գլխավոր սպառնալիքներից է
«Էխո Կավկազայի» և «Ամերիկայի ձայնի» նյութերի հիման վրա
Սպիտակ տան կայքում հրապարակվել է ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության նորացված տարբերակը: Փաստաթուղթը նախապատրաստվել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից:
Որպես ԱՄՆ անվտանգության գլխավոր սպառնալիք դրանում նշվում են Ռուսաստանն ու Չինաստանը: «Վրաստան և Ուկրաինայի ներխուժելով՝ Ռուսաստանը տարածաշրջանի պետությունների ինքնիշխանությունը խախտելու պատրաստակամություն դրսևորեց», — ասված է փաստաթղթում, նշում է «Էխո Կավկազան»:
Ռազմավարության հեղինակների կարծիքով՝ Ռուսաստանի աճող ռազմական հնարավորությունների և Կրեմլի կողմից իրավիճակն ադեկվատ գնահատելու անընդունակության պարագայում ԱՄՆ անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը Մոսկվայից է բխում:
Ռուսաստանի աճող հավակնությունների պատճառով, ըստ Թրամփի վարչակազմի, «Եվրասիայում աճում է հակամարտության վտանգը»:
Ռազմավարությունում նշվում է նաև այլ երկրների ներքին քաղաքականությանը Ռուսաստանի միջամտությունը համացանցում կեղծ էջեր ստեղծելու ճանապարհով, որի նապտակը կեղծ տեղեկատվության տարածումն ու ռուսական պետական լրատվամիջոցների պրոպագանդան է:
Ռուսաստանի և Չինաստանից զատ ԱՄՆ անվտանգությանն, ըստ ռազմավարության, վտանգ են ներկայացնում ԿԺԴՀ-ն, Իրանն ու միջազգային ահաբեկչական կազմակերպությունները, հաղորդում է«Ամերիկայի ձայնը»: