Ռուսաստանի փոխարտգործնախարար. ԵՄ-ը պետք է այցագիր տա Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը դրական է գնահատում Եվրամիության որոշումը՝ Վրաստանին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու վերաբերյալ, միևնույն ժամանակ նշում է, որ անխոչընդոտ կերպով ԵՄ-ի այցագիր պետք է ստանան նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչները:
«Մեծ հույսեր ունեմ, որ Եվրամիության որոշումը հիմք կծառայի, որպեսզի պարզեցվի Հարավային Օսիայում և Աբխազիայում ապրող բնակչության տեղաշարժը: Նրանց համար շատ բարդացված է եվրոպական այցագրերի բոլոր տեսակները: Առանձին բացառություններով՝ նրանք Վրաստանի քաղաքացի չեն»,- ասել է Կարասինը լրագրողներին Պրահայում՝ Վրաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից առաջ:
Իր հերթին, Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հնարավորությունը: «Եթե Ռուսաստանը ցանկանա ավելի պարզեցնել վիզային ռեժիմը, դա կլինի ճիշտ որոշում: Եթե ընդհանրապես չեղարկի, դա կլինի ճիշտ ուղղությամբ արված քայլ»,- ասել է Աբաշիձեն:
Ինչպես նշել է Գրիգորի Կարասինը, Ռուսաստանը «դեմ չէ Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի», սակայն այդ հարցը կապել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերւթյունների հետ, որոնք այս պահին ընդհատված են:
- 2001թ. Ռուսաստանը, անվտանգության նկատառումներից ելնելով, վիզային ռեժիմ սահմանեց Վրաստանի հետ: Վիզային ռեժիմը չէր վերաբերում Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին (2004թ. կարճ ժամանակով՝ նաև Աջարիայի բնակիչներին): ՌԴ-ի համար պարզեցված վիզային ռեժիմ սահմանեց նաև Վրաստանը:
- 2002թ.-ից Ռուսաստանը սկսեց Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի (Հարավային Օսիա) բնակիչներին տալ Ռուսաստանի քաղաքացիություն: Այսօր երկու շրջաններում էլ բնակչության 90 տոկոսն ունի Ռուսաստանի քաղաքացիություն:
- 2008թ. Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման:
- 2010թ. Վրաստանը 90 օրվա այցելության համար առանց վիզայի ռեժիմ սահմանեց ռուսական Հյուսիսային Կովկասի բնակիչների համար: Ռուսաստանի մյուս բնակիչները կարող էին այցազգիր ստանա Վրաստան մուտք գործելու պահին:
- 2012թ. փետրվարին Վրաստանը չեղարկեց վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար:
- 2015թ. դեկտեմբերին Ռուսաստանը պարզեցրեց վիզային ռեժիմը Վրաստանի հետ: Ըստ նոր կարգի՝ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը ՌԴ իմիգրացիոն մարմիններում ունի ձևակերպված հրավեր Ռուսաստանի ցանկացած քաղաքացու կողմից (ոչ միայն մոտ ազգականի, ինչպես նախկինում էր), կարող է ստանալ ցանկացած տեսակի այցագիր, բացի տուրիստականից:
- Անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չբացառեց, որ Վրաստանի քաղաքացիների համար կարող է չեղարկվել վիզային ռեժիմը: