Ռուսաստանի վարչապետ. ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումն աղետ կլինի
«ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցումն աղետալի հետևանքներ կունենա», — հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Կոմերսանտ ՖՄ» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցումը կարող է սարսափելի կոնֆլիկտ հրահրել: Անհասկանալի է, թե նրա ինչին է պետք դա»:
Մեդվեդևը հայտարարել է նաև, որ 2008թ-ի ռուս-վրացական պատերազմից «հնարավոր էր խուսափել»:
Դեռևս հրապարակվել են միայն հատվածներ հարցազրույցից: «Կոմերսանտ ՖՄ»-ը խոստանում է ամբողջական տեքստն ավելի ուշ տեղադրել:
• Բուխարեստում 10 տարի առաջ կայացած գագաթնաժողովին ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ ապագայում Վրաստանը և Ուկրաինան կանդամակցեն դաշինքին:
• Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է դաշինքի աջակցությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի մտադրություններին: Սակայն անդամակցության ժամկետներ նա չի նշել:
• Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը ծայրահեղ բացասաբար է վերաբերվում Ուկրաինայի և Վրաստանի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: