Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների խորհուրդն առաջարկում է ընդունել օրենք՝ դպրոցներում հիջաբ կրելու մասին
Ռուսաստանի նախագահին կից մարդու իրավունքների խորհուրդը պատրաստում է երկրի նախագահին ներկայացնել զեկույց՝ դպրոցներում հիջաբ կրելու առաջարկով:
Մասնավորապես, խորհրդի անդամներն առաջարկում են օրենք ընդունել՝ դպրոցականների արտաքին տեսքը կանոնակարգելու և կրոնական ատրիբուտներ կրելու նրանց իրավունքների վերաբերյալ:
«Խնդիրն այն է, թե որքանով բացահայտ կարող են դպրոցանակաները ցույց տալ իրենց դավանանքը, և արդյոք դա չի խախտի պետության աշխարհիկ բնույթը և կրթության իրավունքը»,- «Իզվեստիա» թերթին ասել է խորհրդի անդամ Եվգենի Բոբրովը:
Նրա խոսքով՝ խորհուրդն այդ հարցը կքննարկի ամսվա վերջին կայանալիքի նիստին:
Գործող օրենքների համաձայն՝ աշակերտների համազգեստը սահմանում է դպրոցը:
Դպրոցներում հիջաբ կրելու հարցը մի քանի անգամ սուր քննարկումների առիթ է դարձել Ռուսաստանում:
- Հունվարի 24-ին Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան Մորդովիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ ռուսական դպրոցներում սովորողները չպետք է ընդգծեն իրենց դավանանքը ատրիբուտներով: Նա նաև նշել էր, որ «հարցն արդեն որոշված է Սահմանադրական դատարանի կողմից» և «հիջաբը՝ որպես ազգային պատկանելությունն ընդգծող տարր, տեղ չունի դպրոցում»:
- Հունվարի 28-ին Չեչնայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատության ենթարկեց Օլգա Վասիլևային այդ հայտարարության համար: «Զարմանք է առաջացնում այն, որ նախարարը տեղի ղեկավարներին ուղղելու փոխարեն իր «անձնական համոզմունքը» փաթաթում է միլիոնավոր քաղաքացիների վզին: Իմ երեք դուստրերը սովորում են դպրոցում, կրում են հիջաբ, ունեն հիանալի գնահատականներ: Օլգա Վասիլևան պահանջում է, որպեսզի նրանք հանե՞ն գլխաշորը: Աղջիկները դա երբեք չեն անի»,- գրել է Կադրիրովը Instagram-ում:
- 2015թ. փետրվարին Ռուսաստանի Գերագույն դատրանը օրինական է համարել Մորդովիայի դպրոցներում հիջաբ և այլ կրոնական ատրիբուտներ, ինչպես նաև կարճ շրջազգեստներ, ջինսեր, խորը բացվածքով հագուստ կրելու և պիրսինգներ անելու արգելքը, որը սահմանվել էր հանրապետության կառավարության կողմից:
- Ավելի վաղ՝ 2012թ. դպրոցներում հիջաբ կրելու վերաբերյալ վեճեր էին ծագել Ստավրոպոլում. երկրամասի որոշ շրջաններում մուսուլման աղջիկներին արգելել էին դպրոց մտնել հիջաբով, ինչը վրդովեցրել էր մուսուլմաններին: Այդ ժամանակ իրավիճակին միջամտեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով, որ դպրոցում հիջաբ կրելու մեջ ոչ մի լավ բան չկա: Նրա խոսքով՝ Ռուսատանում նման ավանդույթ չկա, անգամ մուսուլմանական շրջաններում երբեք չի եղել: Արդյունքում Ստավրոպոլի բոլոր դպրոցներում սահմանվեց պարտադիր համազգեստ՝ դասական ոճով: Աշակերտներին պաշտոնապես արգելվեց կրել գլխաշոր, այդ թվում հիջաբ, և կրոնական խորհրդանիշներով հագուստ:
- 2013թ. ամռանը Ռուսաստանի Գերագույն դատանը օրինական համարեց հիջաբ կրելու արգելքը Ստավրոպոլի հանրակրթական դպրոցներում: