Ռուսաստանի ԱԳՆ. հույս ունենք՝ որոշակի հանգամանքներում Վրաստանի հետ հարաբերությունները կվերականագնվեն
Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կախված է Թբիլիսիից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«Դա (հարաբերությունների վերականգնումը) կախված է բացառապես Թբիլիսիից: Մենք չենք, որ դրանք խզել ենք, հույս ունենք՝ որոշակի հանգամանքներում դրանք կվերականգնվեն»,- հայտարարել է Կարասինը:
«Մենք (Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ) Զուրաբ Աբաշիձեի հետ լուծում ենք այն հարցերը, որոնք հնարավոր են դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում»,- հավելել է Կարասինը:
Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008թ. սեպտեմբերին այն բանից հետո, երբ Մոսկվան ճանաչել է Աբախազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Կարասին-Աբաշիձե ձևաչափով բանակցությունները, որոնցում քննարկվում են տնտեսական, հումանիտար և մշակութային հարցեր, ընթանում են 2013թ.-ից: Վրաստանի ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ բացառում են դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավայի Օսիայի անկախության ճանաչման պայմաններում: