Փետրվարի 1-ից Հայաստանի՝ կորոնավիրուսի բացասական թեստով քաղաքացիները կարող են Ռուսաստան մեկնել
Հայաստանի քաղաքացիները փետրվարի 1-ից կրկին կարող են Ռուսաստան մուտք գործել։ Ուղևորային ավիափոխադրումների վերագործարկման մասին հունվարի 27-ին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սահմանը հատելու համար Հայաստանի քաղաքացիները պետք է ներբեռնեն «Ճամփորդում եմ առանց կորոնավիրուսի» բջջային հավելվածն ու այստեղ տեղադրեն իրենց թեստի բացասական արդյունքը։
- Հայաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստվել ցանկացողները բուժաշխատողներ են
- Հայաստանում կես տարով երկարաձգվել է կարանտինը, և փետրվարից կսկսվի կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Նոր կանոններ
«2020 թ-ից կորոնավիրուսի պատճառով ճամփորդության համար որոշակի սահմանափակումներ էին կիրառվել, ինչի հետևանքով մեր շատ քաղաքացիներ բարձրացնում էին Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնման հարցը, քանի որ այս հարցը որոշակի սոցիալական բաղադրիչ ունի։ Մեր շատ հայրենակիցներ Ռուսաստան են մեկնում աշխատելու», — ասել է Փաշինյանը կառավարության նիստին։
Նրա խոսքով՝ նախորդ տարվանից Ռուսաստանի և ԵԱՏՄ գործընկերների հետ բանակցություներ էին ընթանում այս հարցի շուրջ, և, ի վերջո, հստակ արդյունք կա․ գործարկվում է «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագիրը։ Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններն արդեն հաստատել են այս որոշումը։
Մուտքի թույլտվությունը գործում է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը։
Եվրասիական տնտեսական միությունը գործում է Ռուսաստանի առաջնորդությամբ, դրա անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ Կազմակերպությունն իր անդամների համար ապահովում է աշխատուժի, ապրանքի, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժ։
Ռուսաստանի կառավարության հրահանգում ասվում է, որ այս պետությունների քաղաքացիներին թույլ կտրվի Ռուսաստան մուտք գործել Հայաստանի և Բելառուսի տարածքից։
Այս հրահանգի հավելվածում նշված են նաև հստակ օդանավակայանները, որոնցով ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները կկարողանան մուտք գործել Ռուսաստան։
Ցանկում Մոսկվայի Դոմոդեդովո, Շերեմետևո և Վնուկովո օդանավակայաններն են, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի, Սոչիի, Նովոսիբիրսկի, Կրասնոդարի, Կրասնոյարսկի, Կալինինգրադի, Եկատերինբուրգի, Կազանի և Գրոզնու օդանավակայանները։
Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստան մեկնելու նպատակները
Ռուսաստանի զբոսաշրջային ինդուստրիայի միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան վիճակագրություն է ներկայացրել, թե ինչ նպատակով են Հայաստանի քաղաքացիներն առավել հաճախ Ռուսաստան մեկնում։ Նրա խոսքով՝ 2019 թ-ին Հայաստանից Ռուսաստան է ժամանել, ընդհանուր առմամբ, ավելի քան 816 հազար մարդ.
«Առավել հաճախ ժամանել են մասնավոր այցով՝ 410,8 հազար մարդ։ Երկրորդ տեղում են աշխատանքի նպատակով ժամանածները՝ 170,4 հազար մարդ, այնուհետև՝ գործնական նպատակ ունեցող հյուրերը՝ 145,7 հազար։ Հատկանշական է, որ զբոսաշրջային նպատակով Ռուսաստան է այցելել Հայաստանի ընդամենը 12,6 հազար քաղաքացի»։