Ռուսաստանը զգուշացնում է իր քաղաքացիներին, իսկ Թբիլիսին՝ մեղադրում սադրանքների համար
Ռուսաստանի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել մանրակրկիտ կերպով գնահատել ռիսկերը, որոնք կապված են Վրաստան այցելելու հետ, քանի որ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում Շվեյցարիայի դեսպանատան ռուսական սեկցիայի՝ համաքաղաքացիներին պաշտպանելու հարցում հնավարությունները սահմանափակ են:
Այդ հայտարարությունը կապված է Վրաստանում Մոսկվայի նախկին քաղաքապետին վրացական իշխանությունների կողմից պերսոնա նոն գրատա հայտարարելու հետ: Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ Թբիլիսին շարունակում է սադրանքներ հրահրել, որոնք խաթարում են ռուս-վրացական հարաբերությունների առողջացման գործընթացը:
«Դժվար է ռացիոնալ տեսանկյունից բացատրել կատարվածը. չէ՞ որ վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորումը զգալիորեն շահեկան է Վրաստանի տնտեսության ու քաղաքացիների համար», — ասված է ՌԴ ՆԳՆ հայտարարությունում:
Հայտարարությունն առանց վրացական կողմի ուշադրության չի մնացել: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Զվիադ Կվաչանթիրաձեն ընդգծել է, որ Լուժկովի այցը Վրաստան սադրանք էր, և նա այլևս Վրաստան չի մտնի:
«Այն, որ Լուժկովի ճակատագրով հետաքրքրվել է արտգործնախարարությունն, այն բանի ապացույց է, որ Լուժկովը Վրաստանում էր ոչ որպես մասնավոր անձ: Նրա այցը սադրանքի ֆոն էր ստեղծում: Մենք պահանջում ենք օրենքի հանդեպ հարգանք, այլ ոչ թե այնպիսի հայտարարություններ, որոնք լսեցինք Լուժկովից, թե «նա հասկանում է, որ խախտել է օրենքը, բայց թքած»: Բնականաբար դա վրդովեցուցիչ է: Երևի նա էլ երբեք Վրաստան չգա», — հայտարարել է Զվիադ Կվաչանթիրաձեն:
Հիշեցնենք, որ Յուրի Լուժկովը Վրաստանում էր նախորդ շաբաթ: Նրա այցը Թբիլիսի իրարանցում առաջացրեց, քանի որ նա Աբախզիա էր այցելել՝ խախտելով օկուպացիայի մասին օրենքը: Սակայն Վրաստանի իշխանությունները նրա հանդեպ որևէ պատժամիջոց չկիրառեցին: