Ջրհեղեղ Հայաստանի հյուսիսում՝ կա երկու զոհ, 190 մարդ տարհանվել է
Ջրհեղեղ Լոռու և Տավուշի մարզերում
Առաջին ահազանգերն այն մասին, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծել Լոռու և Տավուշի բնակավայրերում, ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է մայիսի 26-ի գիշերը՝ ժամը 00:40-ին։
Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել։ Սա Հայաստանը Վրաստանին կապող մայրուղու մի մասն է։
Այրում կայարանում ջրալցվել են մի շարք տներ։ Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում ավտոմեքենան է ընկել է գետը։ Նախնական տվյալներով կա երկու զոհ։
Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է մեկ բեռնատար։ Այն ամբողջությամբ ջրի մեջ է, խցիկի վրա երկու քաղաքացի է պատսպարվել։ Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Նախնական տվյալներով մեկ տարեց քաղաքացի ընկել է գետը, նրան շարունակում են որոնել։
Հայաստանի ջրհեղեղից տուժած երկու մարզերում էլ՝ Լոռիում և Տավուշում, իրականացվում են փրկարարական աշխատանքներ։
Հաղորդվում է, որ ափերից դուրս եկած Դեբեդ գետը հեղեղել է նաև Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի մի շարք բնակավայրեր։
Ինչ է հայտնի Լոռիում և Տավուշում իրավիճակի մասին
Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։ Ջրի տակ է անցել Ախթալա գյուղ տանող ճանապարհի կամուրջը։
Այս բնակավայրերում մարդիկ նաև կապի խնդիր ունեն։ Հեռախոսային կապն անջատված է, ինչպես և ինտերնետը։
Շատերը պարզապես չեն կարողանում լքել իրենց տները։ Սանահին կայարանում որոշ տներ ջրի տակ են մինչև երկրորդ հարկ։
Որոշ բնակավայրերում ջրի տակից երևում են միայն առանձնատների տանիքները։ Ալավերդի քաղաքի Թումանյան գլխավոր փողոցի մի մասը ջրի տակ է, տների շուրջ պատնեշները չեն երևում։
Ալավերդիում ջուրը հեղեղել է նաև տեղի արվեստի պատկերասրահը, ոսկերչական խանութը, Էկոնոմբանկի տեղական մասնաճյուղը, լվացվել է «Կատա» սուպերմարկետում եղած ամեն ինչ։
Ըստ ՆԳՆ-ի՝ ժամը 15:30-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերի տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկարարները գետից դուրս են բերել 73 բնակչի։
Առավոտյան դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես հայտնում են տեղի լրագրողներւ՝ նման մի աղետ եղել է 1970 թվականի օգոստոսի 14- գիշերը։ Այն ևս դարձել է մարդկանց մահվան պատճառ: Ըստ ալավերդցիների՝ մեկ տասնյակից ավելի, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ երեք մարդու։
Գետը հեղեղել է նաև հարևան վրացական գյուղերը
Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ ափերից դուրս եկած Դեբեդ գետը հեղեղել է նաև հարևանությամբ գտնվող վրացական բնակավայրերը։ Խոսքը Քվեմո Քարթլի շրջանի մասին է։
Ջրհեղեղի հետևանքով ավելի քան 15 գյուղ կտրվել է արտաքին աշխարհից։ Շրջանի ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ գիշերը կանխարգելիչ նպատակով որոշ բնակավայրերի բնակչություն տարհանվել է։ Մասնավորապես՝ տուժել են Մառնեուլին, Տետրիսկարոն, Բոլնիսին և Դմանիսին, կամուրջներ են քանդվել։ Տեղում աշխատում են փրկարար ծառայությունները։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ջրհեղեղ Լոռու և Տավուշի մարզերում