«Այլապես՝ սով է լինելու»․ Ջավախքում պահանջում են բացել Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանները
Շուրջ 100 մարդ բողոքի ակցիա է անցկացրել Վրաստանի Ջավախքի շրջանի Ախալքալաք քաղաքի կենտրոնում, փետրվարի 3-ին։ Մարդիկ կառավարությանն են դիմել՝ Հայաստանի և Ռուսաստանի հետ սահմանները բացելու պահանջով, որոնք փակվել են գրեթե մեկ տարի առաջ՝ 2020 թ-ի մարտին, այդ երկրներում կորոնավիրուսի մեծ տարածման պատճառով։
Ցուցարարներն իրենց պահանջներով ուղևորվել են դեպի քաղաքապետարան։ Քաղաքապետ Յուրիկ Հունանյանը նրանց հետ հանդիպել է աստիճանների վրա, պատմում է տեղական JNEWS տեղեկատվական գործակալությունը։
Մարդիկ խոսել են այն մասին, որ իրենց համար գումար վաստակելու գլխավոր միջոցը Ռուսաստան և Հայաստան մեկնելն է՝ սեզոնային աշխատանքների։ Մեկնելու անհնարինությունը նրանց ընտանիքների համար սով է նշանակում։
Շատերը նշել են նաև, որ աշխատանքի բացակայության պատճառով բանկերի վարկերը չեն կարողանում մուծել և կարող են կորցել իրենց տները։
Ցույցի մասնակիցներն իշխանություններին մեկ շաբաթ են տվել հարցի լուծման համար և ցրվել։
Սա Վրաստանի հարավ-արևմուտքի այս լեռնային շրջանում, որը գլխավորապես էթնիկ հայերով է բնակեցված, բողոքի առաջին ակցիան չէ։ Ռուսաստանի և Հայաստանի հետ սահմանները բացելու նույն պահանջով նախորդ ակցիան Ախալքալաքում անցկացվել է հունվարի 31-ին։
- «Վախենում ենք աշխատանքը կորցնել»․ վրացական Ախալքալաք քաղաքը՝ կորոնավիրուսին սպասելիս
- Վրաստանում երեխաների սերունդ է մեծանում, որոնք իրենց մայրերին տեսնում են միայն գաջեթների էկրանին
- Հայաստանի այս գյուղերն ապրում են առանց տղամարդկանց գարնանից մինչև ձմեռ
Ջավախքում ապրող հազարավոր տղամարդիկ տասնամյակների ընթացքում ամեն գարուն սեզոնային աշխատանքների են մեկնում հիմնականում Ռուսաստան, ինչպես նաև Հայաստան, որտեղ հաճախ շինարարությամբ են զբաղվում։ Նրանք տուն են վերադառնում խոր աշնանը։
2020 թ-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ սահմանները նրանց թույլ չեն տվել մեկնել երկրից։ Արդյունքում՝ շրջանը միլիոնավոր դոլարներ է կորցրել։ 2021 թ-ին այս իրավիճակի կրկնությունը տեղի բնակիչներին լիակատար աղետով է սպառնում։
Սոցիալական օգնության գործակալության տեղեկություններով՝ ամենաքիչ նպաստը ստանում են Ջավախքի և Իմերեթիի շրջաններում։ Դա կարելի է բացատրել նրանով, որ սեզոնային աշխատանքների միգրացիան բարձր է հենց այս երկու շրջաններում։