Պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը մեղավոր է ճանաչվել, նա սեռական բնույթի հանցագործություններ է կատարել
Հինգ օր տևած խորհրդակցությունից հետո Նյու Յորքի երդվյալ ատենակալները եկել են այն եզրակացության, որ Հարվի Վայնշտեյնը մեղավոր է, նա սեռական հողի վրա հանցագործություններ է կատարել։ Այս մասին հաղորդում է CNN–ը։
Ընդհանուր առմամբ, դատարանը լսել է 80 կանանց ցուցմունքներ, որոնք Վայնշտեյնին մեղադրել են սեռական բնույթի հանցագործությունների կատարման մեջ։ Նա մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով՝ սեքսի պարտադրանք և բռնաբարություն։
Այժմ առաջիկա նվազագույնը հինգ տարին Վայնշտեյնը բանտում կանցկացնի։ Պատժի առավելագույն ժամկետը կարող է գերազանցել 20 տարին։ Դատարանի դահլիճից Հոլիվուդի երբեմնի ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդկանցից մեկին դուրս բերեցին ձեռնաշղթաներով։
• Թուրքիա․ սեռական բռնությունը երեխաների հանդեպ
• 50 մարդ, որոնք «ձևավորել են տասնամյակի պատկերը»
67-ամյա Վայնշտեյնը հայտնի է բազում ֆիլմերի պրոդյուսերությամբ, որոնք Օսկարի և Մեծ Բրիտանիայի կինոակադեմիայի մրցանակի են արժանացել։ Դրանցից ամենահայտնին «Սիրահարված Շեքսպիրն» է։ Նրա վաղ ֆիլմերից մեկում՝ «Ռոք–շոու»–ում, նկարահանվել է Փոլ Մաքքարթնին։
Վայնշտեյնի անկումը սկսվեց 2017 թ–ին, երբ մի քանի հոլիվուդյան դերասանուհի The Newyorker–ին և The New York Times–ին հաղորդեցին, որ նա իրենց ստիպել է սեքսով զբաղվել՝ շանտաժ անելով պրոֆեսիոնալ կարիերայով, կամ բռնաբարել է։ Նրանց թվում են հայտնիա Անջելինա Ջոլին և Գվինեթ Փելթրոուն։
Այդ հրապարակումներից հետո Վայնշտեյնի դեմ քրեական գործ հարուցվեց, նա ստիպված էր լքել իր բոլոր պաշտոնները սեփական Miramax ընկերությունում, նրանից բաժանվեց կինը։
Հարվի Վայնշտեյնի անկման պատմությունը միաժամանակ Metoo շարժման վերելքի պատմությունն է։ Այն ստեղծվել է 2006 թ–ին ակտիվիստ և գրող Թուրունա Բերքի կողմից՝ սեռական բռնությունից տուժած կանանց աջակցելու նպատակով։ Համաշխարհային ճանաչում այն ստացավ 2017 թ–ին այն բանից հետո, երբ դերասանուհի Ալիսա Միլանոն Թվիթերում կոչ արեց կանանց պատմել իրենց նկատմամբ բռնության դեպքերի մասին՝ օգտագործելով #metoo հեշթեգը։