Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 16-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
«Արցախի հյուսիսում այսօր հակառակորդին չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք»․ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ
Ճակատում տիրող իրավիճակի մասին ավանդական երեկոյան ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը պատմել է, որ վաղ առավոտից Ադրբեջանի ԶՈւ-ն լայնամասշտաբ հարձակում է սկսել։
«Երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել թշնամուն։ Հյուսիսում հակառակորդին չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք», — հաղորդել է Հայաստանի ՊՆ ներկայացուցիչը։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական զորքերը վերախմբավորումներ են կատարել Արցախի հարավում, ծանր մարտերը շարունակվում են մինչ այս պահը։
-
Եվրոպական դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել երկու հայ ռազմագերիների կյանքի և առողջության իրավունքը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մասին է հաղորդում Հայաստանի արդարադատության նախկին նախարար, ՄԻԵԴ-ում երկու հայ զինծառայողների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում։
Շտապ միջոցներ ձեռնարկելու մասին դիմումը ՄԻԵԴ էր ներկայացվել երկու օր առաջ։
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ կրկին դիմում էր ներկայացվել Եվրոպական դատարանին, և ներկայացվել էին Ադրբեջանի զինված ուժերի ներգրավվածությամբ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ ապացույցներ։ Դատարանը քիչ առաջ բավարարեց հայ դիմումատուների պահանջը», — հաղորդում է Արտակ Զեյնալյանը։
Եվրոպական դատարանը բավարարել է հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին մինչև հոկտեմբերի 22-ը Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։
-
Հայ գերիների մասնակցությամբ կադրերը շինծու են․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «կեղծիք» է անվանել սոցցանցերում տարածված վիդեոկադրերը, որոնցում երևում է հայ գերիների նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների ապօրինի գործողությունները, ինչպես նաև նրանց նկատմամբ բժիշկների անտարբեր վերաբերմունքը։
«Անցկացված հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ տեսանյութը կեղծ է։
Կադրերը ոչ մի կապ չունեն ոչ Ադրբեջանի ԶՈՒ մարտական գործունեության, ոչ մեր հասարակության հետ», — ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Հադրութից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել Հադրութ քաղաքից, որն, ըստ գերատեսչության, ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է գտվում։
-
Ադրբեջանական բանակն իր վերահսկողության տակ է առել ևս երեք գյուղ․ Իլհամ Ալիև
«Փառապանծ ադրբեջանական բանակն ազատագրել է Խոջավենդի շրջանի Խըրմանջիգ, Աղբուլաղ, Ախուլլու գյուղերը։ Փառք Ադրբեջանական բանակին։ Ղարաբաղն Ադրբեջան է», — Թվիթերում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Доблестная Азербайджанская армия освободила села Хырманджиг, Агбулаг, Ахуллу Ходжавендского района. Да здравствует Азербайджанская армия! Карабах – это Азербайджан!
— Ilham Aliyev (@presidentaz) October 16, 2020
-
Արցախում ադրբեջանցի ռազմագերուն վիրահատել են
Վիրահատվածի անունը Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլու է։ Նա հիվանդանոցում է արդեն 10 օր։
Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հաղորդել է․
«Նրան բժշկական օգնություն և մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերվում․․․ Համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել և ցուցաբերվում է ոչ միայն նրան, այլև մնացած բոլոր ռազմագերիներին»։
Նման վերաբերմունքն, ըստ Բեգլարյանի, թելադրված է միջազգային մարդասիրական իրավունքով և տեղի օրենսդրությամբ։
-
Հայաստանի պաշտպանության նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել հասցեական հայտարարություններ անել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Երևանը կարծում է, որ համանախագահներն իրենց հայտարարություններում պետք է մատնանշեն հումանիտար հրադադարի խախտման հստակ մեղավորներին։
Հայտարարությունում ասված է հումանիտար հրադադար պահպանելու՝ Արցախի Պաշտպանության բանակի պատրաստակամության մասին, որի շուրջ կողմերը պայմանավորել են Մոսկվայում, հոկտեմբերի 10-ին․
«Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական անդրադառնալ հակամարտության այն կողմին, որը զանազան միջոցներով խուսափում է հրադադարի ռեժիմի և այդ ռեժիմի պահպանման համար անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատումից»։
-
Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ևս մեկ խաղաղ բնակիչ է զոհվել․ Արցախի օմբուդսմեն
Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի բնակավայրերին հասցված գիշերային հարվածների հետևանքով ևս մեկ զոհ կա,- հաղորդել է Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Ադրբեջանը, խախտելով բոլոր իրավական և հումանիտար նորմերը, շարունակում է սպանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ քաղաքացիներին», — գրում է նա։
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈՒ-ն ինտենսիվ կրակ է վարել Մարտունի քաղաքի և Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, իսկ առավոտից՝ Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծության են ենթարկվել նաև Տող, Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո գյուղերը։
-
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքում է Նախիջևանի Օրդուբադ շրջանի գնդակոծումը
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այդ ուղղությամբ ոչ մի հրթիռ չի արձակվել.
«Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը»։
-
Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը պետք է բացառվի․ Հունաստանի արտգործնախարար
Նիկոս Դենդիասը Երևանում իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությանն արտաքին միջամտությունն անհանգստացնում է Հունաստանին։ Նա լրագրողներին հաղորդել է, որ Հունաստանի իշխանություններն աշխատում են այն ուղղությամբ, որ Թուրքիայի չմիջամտելու պահանջը հնչեցվի Եվրամիության մակարդակով։
Հունաստանի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Աթենքը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին և ուշադիր հետևում է ղարաբաղյան գործընթացներին։ Հունաստանի իշխանությունները կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ բանակցությունների ճանապարհով։
-
Հայկական ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Նախիջևանի տարածքին․ Ադրբեջանի ՊՆ
«Օպերատիվ-մարտավարական հրթիռը, որն արձակվել է հոկտեմբերի 15-ին ժամը 10:44-ին, Հայաստանի զինված ուժերի կողմից օկուպացված Գուբաթլիի շրջանից, պայթել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Խաղաղ բնակիչներն ու քաղաքացիական օբյեկտները չեն տուժել», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Հայկական զինված ուժերը շարունակում են հրետակոծել բնակավայրերը․ Ադրբեջանի ՊՆ
«Շարունակվում է Ադրբեջանի Գերանբոյի, Տերտերի, Աղդամի, Աղջաբեդի և Ֆիզուլիի շրջանների հրետակոծությունը Հայաստանի ԶՈւ կողմից», — ասված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Ադրբեջանի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել Մարտունու շրջանի՝ ադրբեջանական բանակի վերահսկողության տակ անցած գյուղերից։
-
Հայաստանի օմբուդսմենը հայ ռազմագերիների հետ անմարդկային վերաբերմունքի ապացույցներ կներկայացնի միջազգային կառույցներին
Արման Թաթոյանը երկու տեսանյութ և լուսանկարներ է ձեռք բերել, որոնք ապացուցում են գերիների նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ անմարդկային վերաբերմունքը։ Խոսքն այն կադրերի մասին է, որոնք հոկտեմբերի 15-ին ակտիվորեն տարածվել են սոցցանցերում։ Տեսանյութում ադրբեջանցի զինվորականները նվաստացնում, այնուհետև գնդակահարում են 73 և 25 տարեկան երկու անզեն տղամարդու, որից հետո շարունակում են կրակել նրանց մարմինների վրա։
Երկուսն էլ զրկված են եղել պաշտպանվելու հնարավորությունից և փաստացի գերու կարգավիճակ են ունեցել, նրանցից մեկը Հադրութի բնակիչ էր, մյուսը՝ Հադրութի Տայք գյուղի բնակիչ։ Հանցագործությունը կատարվել է ադրբեջանական ԶՈւ դիվերսիոն խմբի Հադրութ ներթափանցման ժամանակ։
«Տեսանյութերն ու լուսանկարները պատերազմական հանցագործության մասին վկայող անհերքելի իրավական ապացույցներ են: Դրանք անհրաժեշտ նկարագրությամբ․․․ կուղարկվեն միջազգային մարմիններին», — հայտարարել է օմբուդսմենը։
Ադրբեջանի զինծառայողների կատարած սպանության փաստի առթիվ Արցախում քրեական գործ է հարուցվել «զինված բախումների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպտագույն խախտումով իրականացված սպանության» հոդվածով։
-
Ադրբեջանի ՊՆ․ «Ճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ»
«Հոկտեմբերի 15-ին օրվա ընթացքում և լույս 16-ի գիշերը օպերատիվ իրավիճակը ճակատի Աղդերե-Աղդամ և Ֆիզուլի-Հադրութ ուղղություններում շարունակել է լարված մնալ։
Երեկ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռներով, հրետանիով և ականանետներով հարվածել է օկուպացիայից ազատագրված Ջաբրայիլի և Հադրութի ուղղություններով մեր ստորաբաժանումների դիրքերին, ինչպես նաև ճակատամերձ գյուղերին։
Գիշերը հակառակորդը փորձել է ակտիվանալ ճակատի որոշ ուղղություններով։ Մեր զորքերը ճնշել են հակառակորդի ակտիվությունը, և նա մեծ կորուստներ է կրել», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Հակառակորդը հրետակոծում է Ադրբեջանի բնակավայրերը․ Ադրբեջանի ՊՆ
«Հայաստանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի ռեժիմն, այսօր առավոտից հրետակոծում են Գերանբոյի, Տերտերի, Աղդամի և Աղջաբեդի շրջանների տարածքները», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Հայաստանի ՊՆ․ գիշերվա ընթացքում Արցախում լարվածությունը պահպանվել է, առավոտյան սկսվել են հրետանային մարտեր
Վաղ առավոտյան մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո Ադրբեջանը հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հակառակորդը «մի քանի անգամ հարձակվող ալիքներով» փորձել է գրավել հայկական դիրքերը, սակայն հետ է շպրտվել` կրելով զգալի կորուստներ։
-
Իրավիճակը հոկտեմբերի 16-ի առավոտվա դրությամբ՝ հակիրճ
Արցախյան մարտերի 20-րդ օրը։
- Հրթիռակոծությունն ու ցամաքային գործողությունները շարունակվել են հոկտեմբերի 15-ի ողջ օրը և մասամբ` հոկտեմբերի լույս 16-ի գիշերը։
- Հայկական կողմից հաղորդվում է, որ սեպտեմբերի 27-ին դիմակայության մեկնարկից ի վեր զոհվել է 604 զինվորական և 33 խաղաղ բնակիչ։
- Ադրբեջանական կողմից հաղորդվում է, որ մարտերի մեկնարկից ի վեր զոհվել է 47 քաղաքացիական անձ, վիրավորվել 222-ը։ Նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել էր, որ զինվորականների շրջանում զոհերի մասին կհայտարարվի «հակամարտության թեժ փուլի ավարտից հետո»։
- Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ «Սմերչ» կասետային արկերով արկակոծվել է Ղարաբաղի Մարտունիի շրջանի Կարմիր շուկա համայնքը, տեղի բնակիչ է զոհվել։ Ադրբեջանում այս լուրը կեղծ են անվանել։
- Ադրբեջանի Տերտեր քաղաքում թաղման ժամանակ 3 մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են հայկական զինուժի կողմից հրետակոծության հետևանքով,- հաղորդել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թվիթերում։
- Ղարաբաղում անձանց և տրանսպորտի ազատ տեղաշարժի սահմանափակումներ են կիրառվել։
- Ադրբեջանական բանակն իր վերահսկողության տակ է առել Ղարաբաղի հարակից շրջանների ևս վեց գյուղ [վերահսկվում են Ղարաբաղի իշխանությունների կողմից 1990-ականների պատերազմից հետո], հաղորդել է Ադրբեջանի նախագահը Twitter-ում։ Այսպիսով, ըստ պաշտոնական տվյալների, ընդհանուր առմամբ, ազատագրվել է 50 բնակավայր։
- Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը պատասխանել են ռուսական ՌԻԱ Նովոստի պետական լրատվական գործակալության վեց հարցերին։ Այստեղ կարելի է կարդալ հիմնական թեզերը՝ «կարմիր գծերի», փոխզիջումների, վարձկանների և հեռանկարների մասին, ինչպես նաև տեսանյութը։
- Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն՝ արցախյան պատերազմի միջանկյալ արդյունքների մասին
- Մոսկվան Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի հրատապ գործարկման հույս ունի, սակայն այդ մեխանիզմի շուրջ քննարկում դեռ չի սկսվել,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
- Ավստրիայի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որը քննադատում է Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 15-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները