2018թ-ին վրացական բանակում լուրջ բարեփոխումներ են սպասվում
Վրաստանի պաշտպանության նախարարը հաղորդել է, որ այս տարվա մայիսին պլանավորվում է «Վրաստանի պաշտպանական պատրաստության ամենահավակնոտ ծրագրի»՝ մարտական պատրաստության կենտրոնի գործարկումը, որը կառուցվել է Գերմանիայի Խոխենֆելս ռազմաբազայի նմանությամբ:
Կենտրոնը կբացվի նախարարության Վիզիանիում (Թբիլիսիից ոչ հեռու) գտնվող բազայում:
Նոր կենտրոնի գերծարկման մասին առաջին տեղեկատվությունը հայտնի է դարձել մեկ տարի առաջ՝ 2017թ-ի փետրվարին:
Ելույթ ունենալով պաշտպանության և ազգային անվտանգության կոմիտեի լսումներին՝ պաշտպանության նախարար Լևան Իզորիան ներկայացրել է նախագծի մանրամասները:
«2017թ-ին մենք երկու միլիոն լարի ենք ուղղել Վրաստան-ՆԱՏՕ մարզումային և գնահատման կենտրոնի (JTEC) ենթակառուցվածքի բարելավմանը: Մենք Վազիանիում մարտական պատրաստության կենտրոնի շինարարությանը 18մլն լարի ենք ուղղել, գումարը հիմնականում նախարարությունում անցկացված օպտիմալացման արդյունքում տնտեսված փողերն են: Մայիսին մենք մեր գլխավոր ռազմավարական գործընկերների հետ արդեն կգործարկենք Վրաստանի պաշտպանական պատրաստության ծրագիրը», — Իզորիայի խոսքերն է փոխանցում «Ազատություն ռադիոկայանը»:
Վազիանիում կենտրոնի բացումը համընկնում է Վրաստանի պաշտպանական պատրաստության ծրագրի մեկնարկի հետ, որի շրջանակում վրացի զինվորականները պատրաստություն են անցնելու ԱՄՆ աջակությամբ: Վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության նոր փուլը սկսվել է 2016թ-ի հուլիսին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Վրաստան կատարած այցից հետո: Այն ժամանակ Թբիլիսիում ստորագրվեց «Վրաստանի և ԱՄՆ միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության խորացման մասին» հուշագիր:
Իզորիան հայտարարեց նաև, որ 2018թ-ին վրացական բանակում լուրջ բարեփոխումներ են սպասվում: Մասնավորապես, պաշտպանության նախարարության բյուջեից 23 մլն լարի (մոտ 9.5մլն դոլար) է տրամադրվել ռազմական ավիացիայի արդիականացման և նորացման համար: Պլանավորվում է նաև պաշտպանության ծրագրում ծովային բաղադրիչ ներդնել, նշել է նախարարը:
Ներկա պահին վրացական բանակում շարունակվում է ՆԱՏՕ-ի չափանիշներով վերազինման գործընթացը: Խոսքն, առաջին հերթին, գնում է թեթև զինամթերքի մասին: Պլանավորվում է անհրաժեշտ զենքով և սարքավորումներով ամբողջությամբ ապահովել 9 գումարտակ: Նախորդ տարի Վրաստան են բերվել ամերիկյան M-240 հարյուրավոր գնդացիրներ, որոնք կփոխարինեն խորհրդային նմուշի համակարգերը: Այս տարի արդեն՝ մի քանի հազար M4A1 ինքնաձիգ, ինչպես նաև «Ջավելին» համակարգեր: Հյուսիսատլանտյան դաշինքի պահանջով՝ վերազինման վրա կծախսվի Վրաստանի պաշտպանության նախարարության բյուջեի 20 տոկոսից ոչ ավելին, որն ընթացիկ տարում կկազմի 802 մլն լարի (մոտ 330մլն դոլար):