Պաշտոնական Թբիլիսին Էրգնեթիում արտահերթ հանդիպում է նախաձեռնել: Ցխինվալին պնդում է, որ ձերբակալված վրացիներն արդեն ազատ են արձակվել
Այսօր Էրգնեթիում Վրաստանի Պետանվտանգության ծառայության պահանջով Միջադեպերի կանխման և դրանց արձագանքման մեխանիզմի (IPRM) մասնակիցների ոչ պլանային հանդիպում է անցկացվում: Հանդիպմանն առաջարկվում է վրացական կողմին փոխանցել Վրաստանի զոհված քաղաքացի Արչիլ Թաթունաշվիլիի մարմինն, ինչպես նաև ձերբակալված Լևան Քութաշվիլիին և Իոսեբ Պավլիաշվիլիին: Ցխինվալիում պնդում են, որ ձերբակալված Քութաշվիլին և Պավլիաշվիլին արդեն ազատ են արձակվել:
«Ձերբակալվածները Լենինգորի (Ախալգորիի) բնակիչներ են: Նրանք ազատ են արձակվել դեռևս նախորդ օրն ու վերադարձել են տուն: Ժամանակավորապես կասեցվել են նրանց անցաթղթերը, մինչև որոշ հանգամանքներ չպարզվեն: Քութաշվիլին և Պավլիաշվիլին դեռևս ոչ մի բանի համար չեն մեղադրվում, սակայն շուտով հարկ կլինի, որ նրանք որոշ հարցերի պատասխանեն, քանի որ մահացածի հետ են եղել», — հայտարարել է Ժնևյան քննարկումներում Հարավային Օսիայի նախագահի ներկայացուցիչ Մուրադ Ջիոևը:
Վրաստանի քաղաքացիներ Արչիլ Թաթունաշվիլին, Լևան Քութաշվիլին և Իոսեբ Պավլիաշվիլին ձերբակալվել են 2018 թ-ի փետրվարի 22-ին Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունների ներկայացուցիչների կողմից: Օսական կողմի տվյալներով, Արչիլ Թաթունաշվիլին մահացել է փետրվարի 23-ին Ցխինվալիի հիվանդանոցում «սրտային անբավարարության» հետևանքով:
Հարավային Օսիայի ՊԱԿ տվյալներով՝ նա 2008թ-ին ենթադրաբար պատերազմել է վրացական կողմից և այդպիսով մասնակցել «օսերի ցեղասպանությանը»: Գերատեսչությունը պնդում է, որ ձերբակալված Թաթունաշվիլին հրաժարվել է պատասխանել հարցերին, իսկ մեկուսարան տեղափոխելիս դիմադրություն է ցուցաբերել և փորձել խլել պահակախմբի անդամներից մեկի զենքը:
Վրաստանի Ախալգորիի շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Նուգզար Թինիկաշվիլին վրացական հեռուստատեսության Առաջին ալիքին հայտարարել է, որ Թաթունաշվիլին հաճախ էր Ախալգորի մուտք գործում վրացական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքից և մրգի ու բանջարեղենի առևտրով էր զբաղվում: