Եվրամիությունը Ռուսաստանին մեղադրում է կորոնավիրուսի պանդեմիայի առնչությամբ ապատեղեկատվական արշավի համար
Ռուսաստանն ապատեղեկատվության համաշխարհային արշավ է իրականացնում կորոնավիրուսի պանդեմիայի առնչությամբ։ Այս մասին ասվում է Եվրամիության ներքին զեկույցում, որը հայտնվել է բրիտանական Financial Times պարբերականի ձեռքում։
Կրեմլի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներն ու ինտերնետ–թրոլները բազմաթիվ նյութեր են հրապարակում, որոնց նպատակը բնակչությանն ապատեղեկացնելն է, վախ և խուճապ սերմանելն, ասված է զեկույցում։
Արդեն տասնյակ նման ֆեյք հաղորդագրություններ են բացահայտվել։ Դրանցում հստակ երկու միտք է արտահայտվում․
• «Նոր վարակը մարդու կողմից է ստեղծվել և օգտագործվում է Արևմուտքի կողմից որպես զենք»։
• «Արևմտյան կառավարություններն ունակ չեն խնդիրը լուծել»։
• «Ռուսաստանում նախագահ Պուտինի ղեկավարության տակ ամեն ինչ լավ է, ոչ մի պանդեմիա չկա»։
Կեղծ հաղորդագրությունները տարածվում են միանգամից մի քանի լեզուներով։ Դա արվում է կեղծ օգտատերերի ցանցի միջոցով։
Ավելի վաղ դրա միջոցով սուտ տեղեկություններ էին տարածվում Սիրիայում տիրող իրավիճակի և Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցերի մասին։
•Թե ինչպես Կրեմլը պարալիզացրեց 2 հազար կայք Վրաստանում
• Կորոնավիրուս․ պանդեմիա է հայտարարվել։ Ի՞նչ է դա նշանակում, և ի՞նչ սպասել
Ինչպես հաղորդում է Reuters–ը, Եվրամիությունում հրաժարվել են մեկնաբանել զեկույցը, սակայն ԵՄ ներկայացուցիչը հաստատել է, որ կապի մեջ է Google–ի, Facebook–ի, Twitter–ի և Microsoft–ի հետ և նրանց հետ քննարկում է կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությունը։
Ավելի վաղ Facebook–ը հաղորդել էր, որ հեռացրել է հարյուրավոր կեղծ էջեր, որոնք կապված են Սանկտ Պետերբուրգում գտնվող այսպես կոչված «թրոլների ֆաբրիկայի հետ»։
Դրա սեփականատերը նախագահ Պուտինին մոտ գործարար Եվգենի Պրիգոժինն է։ ԱՄՆ–ում նա մեղադրվում է 2016թ–ի նախագահական ընտրություններին միջամտելու մեջ։