«Պայթյունավտանգ իրավիճակ չունենք» - Հայաստանի առողջապահության նախարար
Հուլիսի 4-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 580–ով և դարձել 27 900:
Մահացել է ևս 8 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը հասավ 477-ի։
Առողջացել է ևս 451 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 15 935։ Շարունակում են բուժում ստանալ 11 331-ը։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 120 245 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 2 143:
- Ում և ինչ օժանդակություն է տրամադրվում Հայաստանում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ծրագրերով
- Կորոնավիրուսն ըննդեմ բիզնեսի։ Տեսանյութ Երևանից
Հուլիսի 3-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ձեռնարկած քայլերից և արձանագրված արդյունքներից, ասել է, որ պայթյունավտանգ իրավիճակ չկա․
«Բոլոր կանխատեսումներով մենք հիմա պիտի ունենայինք 30 հազարից ավելի դեպք, բայց ունենք շուրջ 27 հազար: Այսինքն, ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը և, կարծես թե, հունիսի կեսերից սկսած ուղիղ գծի վրա ենք։
Բոլոր կորոնավիրուսային հիվանդությունն ունեցող քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը մեզնից շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել, և այդ առումով կառավարության ջանքերն ավելի քան ողջամիտ և տեղին են և շարունակվում են լինել: Ինչը վերաբերում է թվերին, որոնք, ցավոք սրտի, չեն իջնում, դրանք․․․ կախված են ոչ միայն կառավարության քայլերից, այլև մեր բոլորի վարքագծից, որ մենք գիտակցված գնանք դրան»։
Նախարարն ասել է նաև, որ հրաժարական ներկայացնել չի պատրաստվում.
«Այդ հարցերին բազմիցս պատասխանել ենք, հարգելի գործընկերներ, բացթողումների, սխալների, ինֆորմացիոն անհամաչափության. ասենք, ԱՄՆ-ում դեռ չեն որոշել՝ դիմակներ կրեն, թե չկրեն, դա այն դեպքում, երբ դա ապացուցված է, որ ազդում է»: