Չերկեսկում լուծարկվել է «Եհովայի վկաներ» կազմակերպությունը
Չերկեսկ քաղաքում «Եհովայի վկաներ» կազմակերպությունը ճանաչվել է ծայրահեղական և պետք է լուծարվի, իսկ նրա գույքը՝ հանձնվի պետությանը: Փետրվարի 10-ին նման որոշում է կայացրել Կարաչաևո-Չերկեսիայի գերագույն դատարանը:
Ավելի վաղ հանրապետության դատախազությունը գործ էր հարուցել կրոնական կազմակերպության դեմ՝ ծայրահեղական բնույթի նյութերի արտադրության և տարածման հոդվածով: Այդ ժամանակ «Եհովայի վկաները» ազատվեցին միայն տուգանքով և գրականության առգրավմամբ: Սակայն հաշվի առնելով, որ կազմակերպությունը չդադարեցրեց «ծայրահեղական գործունեությունը», գործը հասավ դատարան:
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն ակտիվ գործունեություն էր սկսել «Եհովայի վկաներ» կազմակերպության դեմ անցյալ տարվա ապրիլին, երբ պաշտնապես զգուշացրեց Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարական կենտրոնին «ծայրահեղական գործունեության անթույլատրելիության մասին»: Կազմակերպության ներկայացուցիչներն այդ ժամանակ հայտարարեցին, որ ծայրահեղականության մեղադրանքով «Եհովայի վկաներ» կազմակերպությունը լուծարելու փորձերը, իրենց համայնքի անդամների հետապնդումները և տեքստերի արգելքը դիտում են որպես կրոնական խտրականություն:
Դատախազության նախազգուշացումը բողոքարկվեց դատարանում, սակայն հունվարի 16-ին Մոսկվայի քաղաքային դատարանն ուժի մեջ թողեց դատախազության փաստաթուղթը, իսկ դա նշանակում է, որ կազմարպությունը պարտավոր է «վերացնել խախտումները», այլապես կարգելվի ամբողջ երկրի տարածքում:
- Սկսած 2014թ-ից մինչ օրս ՌԴ դատական որոշումներով արդեն լուծարվել է «Եհովայի վկաների» 7 շրջանային բաժին: Տագանռոգում արգելքին հակառակ համայնքի գործունեությունը շարունակելու համար դատապարտվել է 16 մարդ: Այսօր «Եհովայի վկաներ» կրոնի հետևորդների նկատմամբ հարուցված է 4 քրեական գործ՝ ատելություն կամ թշնամություն սերմանելու և «քաղաքացիների իրավունքների նկատմամբ ոտնձգություն իրականացնող ոչ կառավարական կազմակերպություն հիմնելու» հոդվածներով:
- Ավելի վաղ՝ 2005թ. Մոսկվայի Գոլովինսկիի շրջանային դատարանը կարգադրել էր լուծարել «Եհովայի վկաների» մոսկովյան համայնքը, արգելել նրա գործունեությունը: Կազմակերպության ներկայ1ացուցիչները հայց էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը 2010թ. հաստատեց դատարանի որոշման մեջ Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտման փաստը: Համայնքի գրանցումը վերականգնվեց միայն 2015թ.:
- ՌԴ-ում այսօր հաշվվում է 100-150 հազար «Եհովայի վկաների» հետևորդներ, քրիստոնեական ուղղություն, որը սկիզբ է առել «Գրքերի ուսումնասիրողներ» շարժումից՝ հիմնադրված 1872թ. ԱՄՆ-ում Չարլզ Ռասելի կողմից: Կազմակերպության տվյալներով ամբողջ աշխարհում հաշվվում է իրենց ուսմումքի ավելի քան 8 մլն հետևորդներ: