Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը։ Ֆոտոռեպորտաժ
Չեմպիոնների Լիգայի 2023թ․ եզրափակիչ խաղը
Չեմպիոնների Լիգայի 2022-23 խաղարկությունն ավարտվեց։ Առաջին անգամ իր պատմության մեջ մրցաշարի գավաթակիր դարձավ անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը երկու մրցաշրջան առաջ արդեն կարողացել էր հասնել այս հեղինակավոր ակումբային գավաթի խաղարկության եզրափակիչ, սակայն պարտություն էր կրել։
Միլանի «Ինտերի» դեմ դիմակայությունը, սակայն, մեկ այլ պատմական կողմ էլ ուներ։ Առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության մեջ հայ ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանն իրավունք էր ստացել խաղալու Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում։
JAMnews-ի սպորտային մեկնաբան Գևորգ Ղազարյանը՝ հաշվի առնելով այս հանգամանքը, որոշել էր մեկնել Ստամբուլ այս խաղին տեղում հետևելու համար։ Խմբագրությունը ամիսներ առաջ սկսեց եզրափակիչ խաղի հավատարմագրման գործընթացը։ Այս հոդվածում՝ JAMnews-ի լրագրողի տպավորություններն ու լուսանկարները։
- Հենրիխ Մխիթարյան․ հեռանալ առանց «հրաժեշտի հանդիպման»
- Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային, բայց ծափահարությունների արժանացավ
- Մխիթարյանի ֆուտբոլային ֆենոմենը
- Հայաստանի 2017թ.-ի լավագույն 10 մարզիկների անվանացանկը դժգոհություն է առաջացրել
Շատերի համար այս խաղում բացահայտ ֆավորիտը հենց Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» էր։ Սակայն բոլոր նրանք, ովքեր իտալական ֆուտբոլի սիրահար են, կհաստատեն, որ մեկ խաղից կազմված հակամարտություններում հենց իատալացիները գիտեն, թե ինչպես է պետք գործել՝ վերջնական հաջողության հասնելու համար։ Դա ապացուցեց հենց եզրափակիչ խաղը, որի առաջին խաղակեսում գոլին շատ ավելի մոտ էր հենց «Ինտերը»։
Հայկական ֆուտբոլի երկրպագուների տեսանկյունից՝ մեկնարկային կազմում Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը սպասելի էր։ Սակայն մինչև վերջին պահը շատերը վստահ էին, որ այդուհանդերձ հնարավոր է մեկնարկային կազմում նրան տեսնելու հավանականություն լինի։
Մխիթարյանը շաբաթներ առաջ վնասվածք էր ստացել և նախախաղային մարզման ընթացքում արդեն տպավորություն ստեղծվեց, որ հիմնական կազմում չի լինի։ Պահեստայինների նստարանին նրան տեսա և տպավորություն կար, որ նա անտրամադիր է։ Ողջույնի և հաջողության խոսքիս էլ պատասխանեց մեղմ ժպիտով։
Երկրորդ խաղակեսում թիմերն արդեն միմյանց հարմարվել էին ու պատրաստ էին դիմելու ռիսկի։ Եթե «Ինտերի» դեպքում այդ ռիկսն արդյունք չտվեց, ապա «Մանչեսթեր Սիթիի» պարագայում ամեն ինչ առավել քան հաջող ստացվեց։ Հանդիպման միջնամասում Ռոդրին առաջինն արձագանքեց տուգանային հրապարակի մատույցներում հայտնված գնդակին՝ գրավելով Անդրե Օնանայի դարպասը։
Վերջին 10-ը րոպեների ընթացքում իր շանսը ստացավ նաև Մխիթարյանը, սակայն ոչ նրա խաղը, ոչ էլ խաղընկերների ջանքերն արդյունք չտվեցին։ Խաղի վերջին վայրկյաններին էլ Էդերսոնը փրկեց «Սիթիին», իսկ մրցավար Շիմոն Մարչինյակն արձանագրեց անգլիական ակումբի համար պատմական հաղթանակը։
Թերևս հենց այս տիտղոսն է եվրոպական ակումբներին դարձնում «գրանդ»։ Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճած ակումբներն այլևս անհետ կորել չեն կարող․ հաղթողների անունները գիտեն բոլորը։ Ինչ մնում է Մխիթարյանին, ապա նա Չեմպիոնների Լիգայի գավաթը նվաճած ֆուտբոլիստների ցանկում չհայտնվեց և գլխիկոր իջավ բեմահարթակից՝ պարանոցից միանգամից հանելով երկրորդ տեղի համար նախատեսված արծաթափայլ մեդալը։
Կանգնած սեփական թիմակիցների թիկունքում՝ նա լուռ հետևում էր, թե ինչպես են տոնում իրենց այդքան սպասված հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները։ Ինչ խոսք, ես Ստամբուլ էի եկել ավելի շատ նկարելու Մխիթարյանի և «Ինտերի» հաղթանակը, սակայն պարտության դառնությունը նույնպես իր «քաղցրությունն» ունի։
Հենրիխ Մխիթարյանը միակ հայ ֆուտբոլիստն է, որն արժանացել է Եվրոպա լիգայի գավաթին և դարձել Կոնֆեդերացիաների Լիգայի գավաթակիր։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Չեմպիոնների Լիգայի 2023թ․ եզրափակիչ խաղը