Չեխիայի նախագահը հանդես է եկել Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները չեղարկելու դիրքորոշմամբ
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Եվրախորհրդին առաջարկել է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը։
Ինչպես հաղորդում է ուկրաինական Հրոմադսկոյե հեռուստաալիքը, վկայակոչելով չեխական SeznamZpravy պարբերականը, Պրաժսկի հրադում տարբեր երկրներում Չեխիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ սատարում է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշի դիրքորոշմանը, որը հանդես էր գալիս հակառուսական պատժամիջոցները չեղակելու օգտին։
«Այդ սահմանափակումները ոչ ոքի ձեռնտու չեն։ Ես ուրախ եմ, որ վարչապետը հրապարակավ հայտարարել է, որ դրանք անարդյունավետ են», — ասել է Չեխիայի նախագահը։
Նա Եվրամիությանն առաջարկել է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը։
«Իտալիայի նոր կառավարությունը դեմ է պատժամիջոցներին, իսկ Ավստրիան Պուտինի այցից հետո նույն բանն է հայտարարում։ Չեխիան պետք է ակտիվ լինի այդ հարցում», — նշել է Զեմանը։
Օգոստոսի 30-31-ին ԵՄ բոլոր 28 արտգործնախարարներն Ասվտրիայում կհանդիպեն բանակցելու։ Սպասվում է, որ հանդիպման ժամանակ Լոնդոնը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կառաջարկի ի պատասխան Բրիտանիայում և Սիրիայում քիմիական զենքի կիրառման։
Հունիսի 29-ին Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում ենթադրություն է հայտնել, որ ԵՄ-ում, հավանաբար, շուտով կսկսվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ քննարկում։ «Ես ինքս կողմ եմ, որ Ռուսաստանի հետ լինի նաև առևտուր անելու հանրավորություն, սակայն որպեսզի պատժամիջոցներն էլ լինեն», — ասել է Չեխիայի վարչապետը։