Վրաստանի իշխող ուժն ուզում է ուղղափառությունը հռչակել պետական կրոն
Ուղղափառությունը՝ Վրաստանի պետական կրոն
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է ուղղափառությունը պաշտոնապես երկրի պետական կրոն հռչակել։ Այդ մասին հաղորդում է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ֆորմուլայի» փոխանցմամբ՝ նախաձեռնությունը կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիինն է:
Աղբյուրները պնդում են, որ «Վրացական երազանքն» արդեն այս հարցը քննարկում է Վրաստանի պատրիարքարանի հետ:
Օգոստոսի 21-ին Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կա չորս պատճառ, թե ինչու 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Վրացական երազանքը» պետք է ստանա սահմանադրական մեծամասնություն։
Չորրորդ պատճառը Իվանիշվիլին չի բարձրաձայնել։ Ոմանց կարծիքով՝ այդ կետը վերաբերում է հենց ուղղափառությանը:
Նույն աղբյուրների փոխանցած տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը դեմ է այս առաջարկին այնպես, ինչպես 2002 թվականին։ Ըստ նրա՝ դրա անհրաժեշտությունը չկա, երկրում այդպիսի պատմական պահ չի հասունացել:
«Նախկինում պատրիարքը դեմ էր ուղղափառությունը պետական կրոն հռչակելուն, ուստի կազմվել էր սահմանադրական պայմանագիր, որը սահմանում էր եկեղեցու կարգավիճակը: Եկեղեցին նույն կարծիքին է մնում մինչ օրս»,- «Ֆորմուլայի» հետ զրույցում ասել է պատրիարքարանի մամուլի ծառայության ներկայացուցիչ հայր Լոնգինոզ Սուարիշվիլին:
Նրա խոսքով՝ պաշտոնական մակարդակով նման առաջարկ իրենց չի ներկայացվել, և թեև պատրիարքարանը քննարկում է այդ հարցը (իր ներսում, այլ ոչ թե իշխանության ներկայացուցիչների հետ), սակայն, ամենայն հավանականությամբ, կմնա իր նախկին դիրքորոշմանը։
Ախալքալաքի և Կումուրդոյի թեմի մետրոպոլիտ, վերապատվելի Նիկոլոզ Փաչուաշվիլին կարծում է՝ եթե ուղղափառությունը դառնա պետական կրոն, եկեղեցին կկորցնի պետությունից ունեցած անկախությունը․
«Պետական կրոնի հռչակումը նշանակում է, որ եկեղեցին անկախ չէ պետությունից, իսկ պետությունը՝ եկեղեցուց: Կարծում եմ, որ երկրում դրա անհրաժեշտությունը չկա, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»: