Ուկրաինայում քաղաքացիական հինգ ակտիվիստ է զոհվել 2018թ-ի սկբից մինչ այսօր
Եկատերինա Գանձյուկը հետաքննել է պետական կոռուպցիայի դեպքեր Ուկրաինայի Խերսոն քաղաքում: Նա ժամանակային առումով վերջին իրավապաշտպանն է, որը զոհվել է Ուկրաինայում: Եվ սա Ուկրաինայում 2018թ-ի ընթացքում քաղաքացիական ակտիվիստների մահվան հինգերորդ դեպքն է:
Եկատերինա Գանձյուկը մահացել է նոյեմբերի 4-ի առավոտյան հիվանդանոցում: Դրանից երեք ամիս առաջ անհայտ մի տղամարդ նրա վրա ծծմբաթթվի խտացված լուծույթ էր լցրել, վնասվել էր նրա մարմնի 30 %-ը:
Ինչպես պատմում է Նաստոյաշչեե վրեմյա հեռուստաալիքը, այդ գործով 6 մարդ է ձերբակալվել: Սակայն պատվիրատուի անունն այդպես էլ չի նշվել:
Միայն 2018թ-ի սկզբից մինչև հիմա պրոֆեսիոնալ գործունեության հողի վրա հարձակումների և սպանությունների զոհ է դարձել մոտ հիսուն ակտիվիստ և իրավապաշտպան: Այդ գործերից ոչ մեկի պատվիրատուները չեն նշվել: Որոշ դեպքերում անհայտ են մնում նաև կատարողների անունները:
Ավելի վաղ հարձակումների զոհ են դարձել.
Իրինա Նոզդրովսկայան
Իրինա Նոզդրովսկայային մահացած են գտել հունվարի 1-ին Կիևի մոտակայքում: Նա մահացել է բազմաթիվ ծակող-կտրող վնասվածքներից:
Նա զբաղվում էր իր քրոջ՝ 26-ամյա Սվետլանա Սապատինսկայայի մահվան գործով: 2015թ-ին Կիևի շրջանում նրան մահացու վրաերթի էր ենթարկել Դմիտրի Ռոսոշանսկին՝ շրջանային դատարանի ղեկավարի զարմիկը: Ինչպես ավելի ուշ պարզել էր փորձաքննությունը, Ռոսոշանսկին մեքենան վարելիս թմրանյութերի ազդեցության տակ է եղել:
Իրինա Նոզդրովսկայայի սպանության պաշտոնական կասկածյալ էր նշվել Ռոսոշանսկու հայրը, նրան կալանավորել էին: Սակայն ավելի ուշ ազատ էին արձակել, դատավորը նրան արդարացնող բացատրություններ էր գտել: Արդյունքում՝ ակտիվիստի մահվան համար ոչ ոք այդպես էլ պատասխան չի տվել:
Նիկոլայ Յարյոման
2018թ-ի մարտի վերջին Կիևի մոտ մահացած էին գտել բնապահպան-ակտիվիստ Նիկոլայ Յարյոմային: Նա իր համախոհների հետ դեմ էր արտահայտվում Սվյատոշինոյի լճերի տարածքի զավթմանը:
Հետաքննություն դեռ շարունակվում է, կասկածյալները չեն հայտնաբերվել:
Նիկոլայ Բիչկո
2018թ-ի հունիսին Խարկովի Էսխար ավանում կախված են գտել 23-ամյա հակակոռուպցիոն ակտիվիստ Նիկոլայ Բիչկոյին:
Կասկածյալներին չեն գտել:
Վիտալի Օլեշկո
2018թ-ի հուլիսին Բերդյանսկի իր տան բակում գնդակահարվել է հասարակական ակտիվիստ և Դոնբասի մարտական գործողությունների վետերան Վիտալի Օլեշկոն: Սպանության պահին նրա հետ են եղել կինն ու ընկերները:
Սպանվածի հարազատները հայտարարում են, որ սպանությունը կապված է Օլեշկոյի և շրջանի պատգամավոր և խոշոր գործարար Ալեքսանդր Պոնոմարյովի միջև կոնֆլիկտի հետ: Սակայն, սպանության պատվիրատուներին մինչև հիմա չեն գտել: