Ուկրաինայում Չինաստանից վարակի պատճառով տարհանված հայրենակիցներին բարիկադներով և քարերով են դիմավորել
Ուկրաինայում քարեր են նետել չինական Հուբեյի շրջանից տարհանված մարդկանցով լի ավտոբուսի վրա։ Հուբեյը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոնն է։ Ավտոբուսներում Ուկրաինայի 45 քաղաքացի և 27 արտասահմանցի է եղել, այդ թվում՝ երեխաներ, ինչպես նաև մի քանի բժիշկ։ Նրանք բոլորը հետազոտվել են, առողջ ճանաչվել, նրանց մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չեն նկատվել, հաղորդում է ուկրաինական Հրոմադսկոյե հեռուստաընկերությունը։
Ինքնաթիռի վայրէջքի և ապագա կարանտինի վայրը նախապես էր հայտարարվել, և ինքնաթիռի ժամանման նախօրեին Ուկրաինայի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են անցկացվել։
Տեղի բնակիչները հայտարարել են, որ չեն ցանկանում ընդունել պոտենցիալ վարակվածներին։ Լվովի շրջանի Վիննիկի քաղաքում շուրջ 500 մարդ արգելափակել է տեղի հիվանդանոցը։
Տեղի բնանկիչները փակել են նաև Պոլտավայի շրջանի Նովիե Սանժարի ավանի ճանապարհը, որտեղ արդյունքում կարանտինի մեջ էին տեղավորել տարհանվածներին։
Ակցիայի մասնակիցները ճանապարհի մեջտեղը փոքր կրակ էին վառել, ինչպես նաև փորձել թույլ չտալ, որ ավտոբուսը մտնի տեղի բուժկենտրոն, որտեղ պետք է տեղակայվեին մարդիկ։
Մի քանի ավտոբուսների ապակիները քարերով կոտրել էին։ Ոստիկանությունը մի մարդու է ձերբակալել, որը, ենթադրաբար, քարեր է նետել։
Նովիե Սանժարի է մեկնել Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը, որը հայտարարել է, որ այնտեղ տեղակայվելու է կառավարության օպերատիվ շտաբը։
Ըստ վերջին տվյալների՝ չինական կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աճել է մինչև 76,726, դեպքերի մեծ մասն արձանագրվել է Չինաստանում։ Հայտնի է մահացության 2,247 դեպքի մասին։ Միաժամանակ ապաքինվել է 18,547 մարդ։