Ուկրաինան Հայաստանից Եվրոպա ուղևորվելու համար առավել հարմար տրանզիտային ճանապարհ է դառնում
Ուկրաինայի «Միջազգային ավիաուղիներ» ընկերության ղեկավարությունը համաձայնվել է Հայաստանի ուղևորների համար նվազեցնել ավիատոմսերի արժեքը:
«Համառ բանակցություններից հետո մենք Ուկրաինայի «Միջազգային ավիաուղիների» հետ փոխշահավետ համաձայնության եկանք ավիատոմսերի գների շատ զգալի նվազեցման վերաբերյալ՝ Ուկրաինայի «Միջազգային ավիաուղիներով» դեպի Հայաստան և Հայաստանից դուրս իրականացվող չվերթների ուղևորների համար: Ընդ որում՝ գները նվազեցվել են բոլոր ուղղություններով:Այս հարցն արդեն լուծված է», — հայտնել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը:
Մայրաքաղաք Կիևով եվրոպական ցանկացած երկիր հասնելու համար ավելի քիչ ժամանակ է պահանջվում, քան՝ տրանզիտային որևէ այլ ուղղությամբ: Սակայն գները հայաստանցի ուղևորներին մինչ այժմ քիչ էին գոհացնում:
Փորձագետները բազմիցս հայտարարել են, որ բարձր գները բացասական դեր են կատարում, հնարավարություն չեն տալիս ՀՀ քաղաքացիներին մեկնել այլ երկրներ, շրջագայել, ծանոթանալ եվրոպական մշակույթին, նաև զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում:
«Ավիատոմսերի գները խոչընդոտում են զբոսաշրջության զարգացմանը: Տուրիստները ընտրություն են կատարում՝ հաշվի առնելով ավիատոմսի գինը, որոնք մեր երկիր գալու օգտին չեն աշխատում»,- ասել է «Տրանսկովկասյան արահետ» զբոսաշրջության աջակցման ՀԿ նախագահ Վահագն Վարդումյանը:
Հայաստանի հռչակած «բաց երկնքի» քաղաքականությունը, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի խոսքով, ամպերով է պատվել, որովհետև ավիատոմսերի շուկայում կատարվում են կամայականություններ, որոնք բնակչության գրպանին հասու չեն:
Սա է պատճառը, որ հայաստանցիները նախընտրում են արտերկիր թռնել հարևան Վրաստանից, որտեղ ավիատոմսերի գներն ավելի մատչելի են: Սահմանակից երկու երկրների ավիատոմսերի գների տարբերությունը Հայաստանի Էկոնոմիայի նախարարությունից այսկերպ են պարզաբանում.
«Վրաստանը Հայաստանից շուտ է անցել բաց երկնքի քաղաքականության, և բնական է, որ Վրաստանում դրա արդյունքներն ավելի ակնհայտ են»:
Թե որքան են նվազելու ավիատոմսերի գները՝ դեռևս չի հայտարարվում: Մինչ այժմ Ուկրաինայի «Միջազգային ավիաուղիներով» թռիչքները դեպի, օրինակ, Փարիզ սկսվել են 196.000 դրամից, Ամստերդամ՝ 215.000 դրամից: