Ուկրաինայի դատարանն ազատ է արձակել ադրբեջանցի լրագրող Հուսեյնովին
Ուկրաինայի դատարանը կալանքից ազատ է արձակել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Ֆիքրաթ Հուսեյնովին, որին Հոկտեմբերի 14-ին, Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալել էին սահմանապահները: Այս մասին Հրոմադսկոյեին հաղորդել է Հուսեյնովի փաստաբան Դմիտրի Մազուրոկը:
Նրա խոսքով՝ Հուսեյնովին ազատ են արձակել պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկու և Ուկրայինայի մարդու իրավունքների Հելսինկյան միության փաստաբանական կենտրոնի տնօրեն Բորիս Զախարովի երաշխիքով:
Նա հավելել է, որ լրագրողն արդեն հանդիպել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ և ներկա պահին գտնվում է դեսպանատանը:
Միաժամանակ փաստաբանը նշել է, որ լրագրողին արտահանձնելու պահանջը չի չեղարկվում, դատախազությունը 60 օր ժամանակ ունի այդ հարցի հանգուցալուծման համար:
Հիշեցնենք, որ Ֆիքրաթ Հուսեյնովին սահմանապահները ձերբակալել են Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում հոկտեմբերի 14-ին: Նա Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ էր խարդախության, փաստաթղթերի կեղծման և ապօրինի միգրացիայի համար:
Ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան Թի-Վի» ալիքի (որտեղ աշխատում է Հուսեյնովը) գլխավոր խմբագիր Գանիմաթ Զայիդովը Հրոմադսկոյեին պատմել է, որ Ադրբեջանի իշխանությունները լրագրողին հետապնդում են նրա հայացքների և քաղաքական ակտիվիզմի համար: