Ո՞վ է բլոգեր Դոգը, ի՞նչ խաղ է խաղում․ կարծիքներ Երևանից
Ո՞վ է Դոգ մականունով Վարդան Ղուկասյանը
Սկանդալային վիդեոբլոգեր Վարդան Ղուկասյանը, ով առավել հայտնի է Դոգ մականունով, գնալով ավելի հայտնի է դառնում հայ հասարակության մեջ։ Նախկին ոստիկանը, ով ինֆորմացիա տրամադրողներ ունի բոլոր հարցերով, հավակնում է ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքի և նույնիսկ պետական կառույցների աշխատանքի վրա։ Նրա հայտարարությունները հաճախ կցվում են տարբեր քրեական գործերի կամ դառնում ինչ-որ մեկի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու պատճառ։
Իրավապահ մարմինները չեն շրջանցել նաև անձամբ Ղուկասյանին։ Էքսցենտրիկ բլոգերը մի քանի քրեական գործերով մեղադրյալ է, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ Այնուամենայնիվ, նա շարունակում է ամեն օր հրապարակել իրեն հայտնի դարձած աղմկահարույց փաստերը՝ կոմպրոմատներ հանրությանը հայտնի և հետաքրքիր մարդկանց վերաբերյալ։ Չնայած այն հանգամանքին, որ փորձագետներն այդ տեղեկությունները համարում են կիսաճշմարտություն, նրա ժողովրդականությունը հայ հասարակության որոշակի շերտի մոտ գնալով աճում է։
Որտեղի՞ց Վարդան Ղուկասյանին սկանդալային տեղեկություններ, ինչպե՞ս և ի՞նչ նպատակով է օգտագործում, ովքե՞ր են կանգնած նրա թիկունքում, JAMnews-ի հետ կարծիքներով կիսվել են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
- Ինտերնետ գովազդը էժան է, չափելի, բայց չվերահսկվող․ իրավիճակը Հայաստանում
- Փաշինյանի որդուն փորձել են առևանգե՞լ․ մանրամասներ
- «Ընտրություններն ազատ և անկախ են, մամուլը՝ ոչ». Freedom House-ը ՀՀ մասին
Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ
Հանրաճանաչություն ձեռք բերեց՝ շորթելով և օգնելով
«Ղուկասյանը նախկին ոստիկան է, ով թե՛ ռազմական ոստիկանությունում ծառայության ժամանակ, թե՛ հիմա ունի ինֆորմացիա տրամադրողների բավականին լայն ցանց։ Բայց եթե նախկինում նա այդ ցանցն օգտագործում էր ծառայություն իրականացնելիս, ապա այժմ օգտագործում է որպես բլոգեր սեփական ժողովրդականությունը մեծացնելու համար։
Նա հնարավորություն ունի ազդելու Հայաստանի առանձին կառույցների կամ իրեն հետաքրքրող անձանց վրա և լավ փող աշխատելու, այդ թվում՝ շորթման և շանտաժի միջոցով։
Տեսաբլոգերի դեմ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով շորթման մեղադրանքով։ Հաղորդվում է, որ Ղուկասյանը «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանից 110 հազար դոլար է պահանջել։ Մերժման դեպքում նա սպառնացել է կոմպրոմատներ հրապարակել քաղաքական գործչի և նրա կնոջ վերաբերյալ։
Մեկ այլ քրեական գործի շրջանակներում բլոգերը մեղադրվում է 2022 թվականի սեպտեմբերին YouTube-ի իր ալիքում երկու գիշերային ակումբների գործունեության մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու մեջ։ Հայկական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ղուկասյանը այդ ակումբներից ստացած տեսանյութերում երևացող մարդկանց սպառնացել է, որ կվարկաբեկի նրանց, եթե չդադարեն այցելել այդ հաստատություններ։ Այնուհետև նա պահանջել է, որ այդտեղ բարձր վարձավճարով անվտանգության ծառայություն իրականացնեն «Հանրային անվտանգություն» ծառայության աշխատակիցները։ Երաշխավորել է, որ համաձայնելով իր պայմաններին, կկարողանան կատարել ցանկացած անօրինական գործողություն: Մերժումից հետո նա սկսել է ակտիվորեն վարկաբեկել այդ հաստատությունները։
Մեկ այլ գործով բլոգերը մեղադրվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և պայմանագրային զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի մեջ։
Բավականին շատ մարդիկ են փորձել այս կերպ ապահովել իրենց կյանքը և նույնիսկ քաղաքական կարիերա անել։ Բայց Վարդան Ղուկասյանը, հավանաբար, նրանցից ամենահաջողակն է, քանի որ սոցհարցումները ցույց են տալիս՝ արդեն հասել է առաջատար ընդդիմադիր կուսակցությունների ժողովրդականության մակարդակին։
Ինչ-որ առումով, եթե ոչ կոնկրետ քաղաքական դաշտում, ապա տեղեկատվական դաշտում նա մարտահրավեր է նետում անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Երևանի մամուլի ակումբը հատուկ մոնիթորինգ չի իրականացրել, բայց ակնհայտ է, որ Ղուկասյանի դիտումներն այժմ ավելի շատ են, քան Փաշինյանի տեղադրած տեսանյութերինը»։
Շտապօգնությունը ժամանակին չհասա՞վ, ուրեմն դիմեք Դոգին
«Մարդիկ իսկապես դիմում են նրան օգնության համար, իսկ նա բարձրացնում է մարդկանց հետաքրքրող թեմաներ։ Թեմաներն էլ տարբեր են։ Օրինակ՝ ինչ-որ պետական ծառայություն չի կատարում իր պարտավորությունները, շտապօգնությունը ժամանակին չի ժամանել, կամ իրավապահ մարմինները ինչ-որ անօրինական գործողություններ են իրականացնում և այլն։
Երբեմն նույնիսկ եթերում է զանգում ու որոշակի արդյունքների հասնում։ Բնականաբար, դա հանգեցնում է սովորական մարդկանց շրջանում նրա հանդեպ վստահության բարձրացմանը։
Ի վերջո, նույնիսկ առանց նրա անմիջական մասնակցության, առանց նախընտրական քարոզարշավի, նրա «Հայոց Հայրենիք» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ ընտրություններում հավաքեց ձայների ավելի քան 1 տոկոսը [13 119 ընտրող]։
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անդամների՝ Վարդան Ղուկասյանի ժողովրդականությունը ներկայումս ոչ թե անկում է ապրում, այլ աճում է»։
Զգացմունքային պոռթկումներն ու հայհոյանքները՝ հաջողության գրավական
«Ղուկասյանի լեքսիկոնը՝ համեմված ընտրովի հայհոյանքներով, նույնիսկ օգնում է մեծացնել նրա ժողովրդականությունը։ Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել նրան, որ նման ագրեսիվ բառապաշարը առանց ինքնագրաքննության ավելի շատ է օգտագործվում հասարակության մեջ։
Եթե կա նման միտում, ապա որքան շատ ես խախտում պարկեշտության սահմանները, այնքան ավելի մեծ ուշադրության կարող ես արժանանալ։ Հաշվի առնելով կատարվողի նկատմամբ ՀՀ քաղաքացիների խիստ զգացմունքային վերաբերմունքը, Ղուկասյանի նման խոսքը թե՛ հուզական ինտոնացիայի, թե՛ օգտագործված արտահայտությունների առումով դրական արձագանք է առաջացնում հայ հասարակության որոշակի հատվածի մոտ։ Որովհետև այն արտացոլում է վճռականություն, կարեկցանք խնդիրների և մարդկանց նկատմամբ: Համենայն դեպս, դա այդպես է ընկալվում, և հասարակության մի մասն իսկապես հետաքրքրված է դրանով։
Կա լսարանի որոշակի հատված, որին կարող է դուր չգալ Ղուկասյանի բառապաշարը, բայց նրա ասածից ինֆորմացիա են քաղում։ Նույնիսկ եթե նրանք ֆիլտում են այն արժանահավատության առումով: Սոցիալական մեդիայի լսարանի զգալի մասը Ղուկասյանին ընկալում է որպես շրջապատում կատարվողի մասին տեղեկատվության կարևոր աղբյուր։
Դժվար է ասել, թե նա որքան հաճախ է հավաստի տեղեկատվություն տալիս, բայց չէի ասի, թե նրա հաղորդած փաստերը 50%-ից ավելի անարժանահավատ են։
Մրցակցություն ավանդական լրատվամիջոցների հետ
«Ղուկասյանի ձևաչափը նոր չէ Հայաստանի համար։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում իր տեսաուղերձներով արդեն մրցել է առաջատար լրատվամիջոցների հետ, և դա ֆենոմեն է ոչ միայն Հայաստանում։
Պոպուլիստ քաղաքական և հասարակական գործիչների աշխատանքի նման ձևերը լսարանի տեսանկյունից լուրջ մարտահրավեր են ավանդական լրատվամիջոցների համար։ Նոր տեխնոլոգիաները կարող են ոչ պակաս արդյունքների բերել, քան տեղեկատվության տարածման ավանդական ուղիները։
Ղուկասյանն ազդեցություն ունի մարդկանց մի կատեգորիայի վրա, որը չի վստահում ո՛չ իշխանություններին, ո՛չ ընդդիմությանը, հիասթափված է քաղաքական գործիչներից, բայց միաժամանակ լուրջ խնդիրներ է տեսնում հայ հասարակության և պետության մեջ։ Նա հետաքրքիր է ոչ այնքան բարձր էթիկական և կրթական մակարդակ ունեցող մարդկանց, ովքեր, չնայած լեքսիկոնին, համակրում են նրան։
Հայաստանում ընտրողների կեսից ավելին ապատիայի մեջ է, և նրանց մեջ քաղաքացիների առնվազն 25-30 տոկոսը դրական է գնահատում Ղուկասյանի շփման ձևը»։
Ո՞վ է կանգնած նրա հետևում
«Չեմ պատկերացնում, որ որևէ մեկը լրջորեն կանգնած է նրա հետևում, թեև կարծում եմ, որ շատերը փորձում են Ղուկասյանին օգտագործել իրենց շահերից ելնելով, նրան տեղեկություններ տրամադրելով, թեմա ներկայացնելով կամ անմիջականորեն շփվելով նրա հետ, առաջարկելով ինչ-որ փոխշահավետ գործարքներ։
Տարօրինակ կլիներ, եթե Հայաստանում իրական քաղաքական կշռի հավակնող գործիչները չփորձեին կապ, գործընկերային հարաբերություններ հաստատել նրա հետ։ Հնարավոր է՝ եղել են որոշ տակտիկական պայմանավորվածություններ։ Բայց դժվար է պատկերացնել կայուն կապեր, աշխատանք ինչ-որ քաղաքական գործչի կամ քաղաքական ուժի համար, ընդ որում՝ հետևողական և երկարաժամկետ՝ հաշվի առնելով Ղուկասյանի տեսակի մասին իմ պատկերացումը։
Հաշվի առնելով Ղուկասյանի յուրահատկությունը՝ դժվար թե որևէ մեկը կարողանա նրա հետ կապված լուրջ ծրագրեր կազմել, քանի որ, ակնհայտ է՝ սա այն մարդն է, որից ամեն պահի կարելի է անախորժություններ սպասել։ Նա կարող է հանգիստ կերպով տհաճություններ պատճառել, եթե դա իրեն ձեռնտու է:
Իհարկե, Ղուկասյանին կփորձեն օգտագործել ապագա ընտրություններում, բայց դրանք չեն լինի կայուն քաղաքական կապեր ու պայմանավորվածություններ։ Չեմ պատկերացնում, որ նա կարող է վստահելի քաղաքական գործընկեր լինել որևէ մեկի համար։
Նույնը վերաբերում է արտաքին ուժերին։ Եթե որևէ արտաքին ուժ ցանկանում է լուծել մարտավարական ժամանակավոր խնդիրներ, այլ ոչ թե երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր, ապա, իհարկե, կարող են օգտագործել նրան։ Հիմա ես նման նշաններ չեմ տեսնում։ Բայց շատ հաճախ նման տեխնոլոգիաները օգտագործվում են քողարկված կերպով և առանց հատուկ հետազոտության դժվար է բացահայտել այդ կապերը»։
Դոգի պահանջարկը
«Հայկական լսարանը սովոր չէ որակյալ լրատվամիջոցներին, բարձրորակ հավաստի տեղեկատվություն ստանալուն։ Մարդիկ գտնվում են ամենատարբեր բամբասանքների, տեղեկատվության արտահոսքի ազդեցության տակ՝ և՛ վստահելի, և՛ կեղծ:
Սկզբունքորեն հայ հասարակությունը պատրաստված է հենց նման տեղեկատվության սպառման համար։ Սա թե՛ մեդիագրագիտության, թե՛ հենց լրատվամիջոցների որակի խնդիր է։
Ուստի Վարդան Ղուկասյանի նման, պայմանական ասած, «միայնակ գայլի» ազդեցությունը երկրի տեղեկատվական միջավայրի վրա շատ մեծ է»։
Արմեն Վարդանյան, քաղաքագետ
Արտասովոր «աստղ»
«Վարդան Ղուկասյանի թիկունքում ես ուժեր կամ անձեր չեմ տեսնում։ Պարզապես Ղուկասյանն իրենից աստղ սարքեց՝ շնորհիվ սեփական յութուբյան ալիքում գրագետ աշխատանքի։ Նա ապահովեց հազարավոր բաժանորդներ՝ ուշադրություն գրավելով ոչ ստանդարտ բովանդակությամբ։
Իսկ Ղուկասյանի բովանդակությունը կիսաճշմարտություն է, հայհոյանքով, արտասովոր բառապաշարով մատուցվող սենսացիա։ Եթե մեկ ուրիշը նույն տեղեկատվությունը գրագետ և կիրթ ձևով ներկայացնի, դժվար թե այդքան շատ բաժանորդներ ձեռք բերի:
Վարդան Ղուկասյանը այդ կերպ որոշակիորեն օրակարգ է թելադրում հայ հասարակությանը։
Հիշում եմ, երբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի օրերին Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ խորհրդարանում՝ ասելով, որ համաձայնագիր է ստորագրելու Ադրբեջանի հետ, մարդիկ դուրս եկան փողոց և պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։ Բայց երբ Վարդան Ղուկասյանը դիմեց իր կողմնակիցներին՝ համոզելով, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, ժողովուրդը ցրվեց։
Նրան լսում են, նրա խոսքը հաշվի են առնում։ Նրա հանրաճանաչության մասին են վկայում նաև IRI-ի վերջին սոցիոլոգիական հարցման տվյալները, որոնց համաձայն՝ Վարդան Ղուկասյանն ու իր կուսակցությունը զբաղեցրել են 4-րդ տեղը՝ ըստ հայ հասարակության վստահության ինդեքսի»։
Բլոգերի լսարանը
«Ղուկասյանի հետևորդները հասարակ մարդիկ են, որոնք առանձնապես տեղյակ չեն քաղաքականությունից, հիասթափված են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններից։
Միաժամանակ, նրա ֆենոմենը կարող է հետաքրքիր լինել նաև այն քաղաքական գործիչներին, ովքեր պլաններ կունենան ապագա ընտրություններին մասնակցելու։
Օրինակ, արդեն խոսվում է այն մասին, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում մի քանի կուսակցություններ ծրագրում են միավորվել և հանդես գալ որպես մեկ դաշինք։ Եվ նրանք բանակցում են Ղուկասյանի հետ, որպեսզի միանա իրենց։ Նրա ֆենոմենը, ըստ երևույթին, ուզում են օգտագործել ձայներ հավաքելու համար։
Գուցե ինչ-որ չափով զարմանալի է, բայց Վարդան Ղուկասյանը, ուզենք թե չուզենք, արդեն գործոն է դարձել։ Եվ նա կարող է ինչ-որ չափով եղանակ ստեղծել Հայաստանի քաղաքական կյանքում։
Նրա ֆենոմենը բացառիկ չէ, նկատվում է նաև այլ երկրներում։ Դրա վառ օրինակը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է, որին ծաղրում էին նույնիսկ իր գործընկեր սենատորները, ովքեր չէին հավատում, որ կարող է հաղթել ընտրություններում։ Չի բացառվում, որ Հայաստանում գա այն օրը, երբ Վարդան Ղուկասյանը կկարողանա լուրջ ձայներ հավաքել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ո՞վ է Դոգ մականունով Վարդան Ղուկասյանը