Տաքսու վարորդը զանգահարում է եղբորը և ուրախությամբ հայտնում, որ պարզեցված հարկը՝ ԱԱՀ չվճարող հարկատուների եկամտահարկի 4%-ը, չեղարկել են: «Այժմ եղբայրս կարող է հանգիստ առևտրով զբաղվել, — բացատրում է վարորդը: — Նա Խուդաթից (քաղաք Ադրբեջանի հյուսիսում – խմբ.) միրգ է բերում և եկամտից նրան համարյա բան չէր մնում: Իսկ այժմ նոր օրենք են ընդունել, և հարկը հանել են»:
Ցավոք, իրականում հարկային դրույքաչափերը չեն փոփոխվել: Նախագահի՝ հոկտեմբերի 26-ի նոր հրամանը, փաստորեն, միայն հստակեցնում է, թե ինչ ստուգումներ իրավունք ունեն անցկացնելու պետական կառույցները:
Յուրաքանչյուր ձեռնարկության փակվելն ուսումնասիրվելու է. հարկային մարմինը պետք է հայտնի այդ մասին էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարությանը, այն իր հերթին պետք է պարզի պատճառները, եթե հայտնաբերվեն խախտումներ, պետք է ներգրավի դատախազությանը: Նորարարության նպատակը գործարարներին շորթումներից ու կաշառակերությունից պաշտպանելն է, ռազմավարական նպատակը՝ Ադրբեջանում փոքր ու միջին բիզնեսի զարգացումը: Ստուգումները դադարեցված են երկու տարով՝ սկսած նոյեմբերի 1-ից:
Ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի 12-ին նախարարների կաբինետում Իլհամ Ալիևի ելույթից հետո: Նախագահը քննադատեց ձեռներեցներին ստուգումներով տանջող պետական կառույցներին, ինչպես նաև մենաշնորհների տերերին ու կաշառակերներին:
Նորություններին հետևող քաղաքացիները եզրակացրին, որ հարկերի նախարարության գլխին ամպեր են կուտակվել: Ոգևորության ալիք բարձրացավ և պահպանվեց մինչ այն պահը, երբ մարդիկ հասկացան, որ հարկերը ոչ ոք չի չեղարկել, ստուգումները՝ նույնպես, պարզապես դրանց քանակը խելամիտ նվազագույնի կհասցվի:
Հարցին, թե ինչ են իր համար նշանակում այս նորարարությունները, բաքվեցի գործարարը, ով ցանկացավ անհայտ մնալ, պատասխանեց յուրօրինակ առակով. «Մեկը ոսկե ձկնիկ է բռնում: Այն խնդրում է իր կյանքը խնայել, փոխարենը երեք ցանկություն կկատարի:
— Ուզում եմ, որ մեր թաղում այս ծայրից այն ծայրը սև ձիեր վազեն: Ձկնիկը կատարում է: — Ուզում եմ, որ մեր թաղում այն ծայրից այս ծայրը սպիտակ ձիեր վազեն: Ձկնիկը զարմանում է, բայց կատարում է երկրորդ ցանկությունը: — Ուզում եմ, որ մեր թաղում այս ծայրից սև ձիեր վազեն, իսկ այն ծայրից՝ սպիտակ, ու բախվեն իրար: Ոսկե ձկնիկը կատարում է վերջին երազանքն ու հարցնում: — Լավ, իմաստը ո՞րն է: Երիտասարդը պատասխանում է. — Ոչ մի իմաստ էլ չկա: Ուզում եմ, որ մեր թաղում շարժում լինի»: