Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է գերեվարվել
«Փետրվարի 1-ին Ղարաբաղի շփման գծում ադրբեջանական կողմը ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ», — հաղորդել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հաղորդման համաձայն, դիվերսիոն փորձը տեղի է ունեցել ժամը 15.00-ի սահմանում հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ: Դիվերսիոն խումբը օգտագործել է եղանակային «բարենպաստ» պայմանները` մառախուղը:
«ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում, հակառակորդը կորուստներ է կրել և հետ շպրտվել: Հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին», — նշվում է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ՊՆ-ի կայքում տեղեկատվությունը հերքվում է. «Հայկական կողմի տարածած տեղեկատվությունը իբրև տեղի ունեցած սադրանքի վերաբերյալ … սուտ է: Ոչ մի ակտիվ մարտական գործողություն սահմանագծում չի իրականացվել: Ինչ վերաբերում է Էլնուր Հյուսեինզադեին, ապա … նա խախտել է զինվորական կարգապահությունը և … որպես արդյունք զորացրվել է Ադրբեջանի զինված ուժերի շարքերից»: