Շուշին հայտարարվել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
29 տարի հայկական և վեց ամիս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվելուց հետո
Շուշի քաղաքը, որն Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանի մշակութային մարաքաղաք է հայտարարվել։ Հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Փաստաթղթի ստորագրումը մայիսի 8-ի նախաշեմին խորհրդանշական բնույթ է կրում։
- Բաքվում ցուցադրվել են Շուշիի ուղղությամբ արձակված «Իսկանդերի» բեկորներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- 39 տարի անց Ադրբեջանի նախագահը Շուշի է այցելել
Իլհամ Ալիևի հրամանագրի տեքստում ասվում է․
«Ադրբեջանցի ժողովրդի համար Շուշայի պատմամշակութային նշանակությունն ու բացառիկ հոգևոր արժեք լինելն անհրաժեշտ են դարձնում Շուշայի նկատմամբ առանձնահատուկ հոգատարության և նրբանկատ վերաբերմունքի դրսևորումը։ Այս տեսանկյունից Շուշայում պետական կառավարման և իրավական կարգավորման հետագա կատարելագործումը ոչ միայն կծառայի քաղաքի պատմամշակութային ժառանգության վերականգնմանն ու պահպանմանը, այլև դրա մշտական զարգացման համար պայմաններ կստեղծի»։
Փաստաթղթի համաձայն՝ այն ուղղված է Շուշի քաղաքի «պատմական տեսքի վերականգնմանը, նրա նախկին փառքի և ավանդական հագեցած մշակութային կյանքի վերականգնմանը, ինչպես նաև միջազգային հարթակում այն որպես Ադրբեջանի բազմադարյա հարուստ մշակույթի, ճարտարապետական և քաղաքաշինական արվեստի փայլուն գոհար ներկայացնելուն»։
«Խառը բյուլբյուլ» փառատոն
Արդեն 2021 թ-ի մայիսին Շուշիում կանցկացվի մինչև 1990-ականներն անցկացվող «Խառը բյուլբյուլ» երաժշտական փառատոնը։ Ադրբեջանի նախագահի հրահանգով համապատասխան միջոցառումներ են իրականացվում փառատոնի կազմակերպման համար։
Ադրբեջանի մշակույթի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է, որ փառատոնի անցկացման հստակ ժամկետները կնշվեն նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո։
«Խառը բյուլբյուլ» փառատոնի անցկացման մասին Ադրբեջանի նախագահը խոսել էր դեռևս 2021 թ-ի հունվարին։
«Կառուցվում է նոր ճանապարհ դեպի Շուշա։ Այո, այդ ճանապարհը շատ բարդ ռելիեֆ ունեցող տեղանքում է։ Սակայն մենք դա կանենք։ Պլանավորեք․ ընթացիկ տարում Շուշայում պետք է երկու միջոցառում անցկացվի՝ «Խառը բյուլբյուլ» փառատոնն ու Վագիֆի պոեզիայի օրերը», — նշել է Ալիևը։
Առաջին անգամ «Խառը բյուլբյուլ» երաժշտական փառատոնն անցկացվել է 1989 թ-ին։ Անվանումը գալիս է Արցախում աճող օֆրիս ծաղկի «խառը բյուլբյուլ» ադրբեջաներեն անվանումից։
Կարևոր ամսաթվի նախօրեին
Մայիսի 8-ի նախօրեին հրամանագրի ստորագրումը խորհրդանշական բնույթ է կրում։ 1992 թ․ մայիսի 8-ին Շուշի քաղաքն անցել էր հայկական վերահսկողության տակ։
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ Շուշիում քանդվել է շուրջ 600 պատմական հուշարձան։ 2020 թ-ի նոյեմբերի 8-ին Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Շուշին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։