Ի՞նչ է տեղի ունեցել Վրաստանի Շովի հանգստավայրում. նախնական եզրակացություն
Շովիի ողբերգության պատճառները
Օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր էր հայտարարվել։ Երկրի ողջ տարածքում կառավարական շենքերի վրա ծածանվող ազգային դրոշներն իջեցվել էին։
Ռաչայում տեղի ունեցած տարերային աղետի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, ևս 18-ը համարվում է անհետ կորած։ Փրկարարները նշում են, որ մարդկանց ողջ գտնելու հավանականությունը նվազագույն է։ Զոհվածների և անհետ կորածների թվում կան նաև երեխաներ։
- «Մահվան ամբարտա՞կ, թե՞ ազատություն»։ Վրաստանում գյուղացիները պաշտպանում են իրենց կիրճը ՀԷԿ շինարարությունից։ Ֆիլմ
- Ուժի մեջ է մտել երկկողմանի առանց վիզայի ռեժիմ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար
Աղետը տեղի է ունեցել Վրաստանի արևմտյան Շովի քաղաքում․ սողանքի հետևանքով առաջացած սելավը բառացիորեն ծածկել է «Սանսեթ Շովի» բարձրլեռնային հանգստավայրի շրջակայքը։ Ջրի տակ են հայտնվել քոթեջները, որտեղ հանգստացողներ են եղել, ինչպես նաև տեղի բնակիչների տները։
Մահացածների և անհետ կորածների որոնողական աշխատանքներին մասնակցում են ավելի քան 200 փրկարարներ, նրանց հետ աշխատում են նաև կամավորներ։
Օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել 240-րդ հոդվածով՝ լեռնային, շինարարական և այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում, նաև 116-րդ՝ անզգուշությամբ կյանքից զրկելը։
Սակայն ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայության պետ Թեմուր Մղեբրիշվիլին լրագրողներին ասել է, որ հետաքննության ընթացքում հոդվածները կարող են վերաորակավորվել։
Նախնական եզրակացություն
Ողբերգությունից երեք օր անց՝ օգոստոսի 7-ին, Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակել է աղետի պատճառների նախնական զեկույցը։
Դրանում ասվում է, որ ողբերգության պատճառը եղել է բնության, երկրաբանական և հիդրոօդերևութաբանական երևույթների համընկնումը, որը հանգեցրել է Բուբիսկալի գետի հովտում ծայրահեղ սելավի հոսքի առաջացման։
Ըստ նախնական տվյալների՝ այս գործընթացին նպաստել են կլիմայական փոփոխությունները՝ վերջին շրջանում օդի ջերմաստիճանի բարձրացումը, կլիմայի փոփոխության և դրա հետ կապված տեղումների հետևանքով առաջացած սառցադաշտերի ինտենսիվ հալքը:
Եզրակացության մեջ ասվում է, որ բնության երևույթների նման համակցությամբ «ողջ աշխարհում գրեթե անհնար է կանխատեսել նմանատիպ ողբերգությունների առաջացման ճշգրիտ ժամանակը»։
Դաշտային հետազոտությունների հիման վրա պարզվել է, որ Բուբա սառցադաշտից դեպի արևմուտք փլուզվել է ժայռային զանգված, որը, շարժման մեջ մտնելով, բախվել է սառցադաշտին՝ առաջացնելով նրա որոշակի հատվածի փլուզումը, ինչը կարող է բերել ենթասառցադաշտային ջրերի հեղեղմանը։ Դրանից առաջացած հոսքը սկսել է մեծ արագությամբ շարժվել հովտի հունով։
Ինչպես գրված է եզրակացության մեջ, տարածված տեղեկությունն այն մասին, որ աղետից կարճ ժամանակ առաջ Բուբիստկալի գետը հովտում լճացման է ենթարկվել, չի հաստատվել։
Եզրակացության մեջ նշվում է նաև, որ բնության մեջ տեղի ունեցող գործընթացները զարգացել են սրընթաց կերպով, թեև դրանք կախված են եղել բազմաթիվ գործոններից (տես՝ փաստաթուղթն ամբողջությամբ)։
Շովիի ողբերգության պատճառները