Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքների մասին
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ «աջակցություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջնորդների մի շարք առաջարկությունների»: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևի խոսքերը:
Վերջինս չի հստակեցրել, թե հատկապես որ առաջարկներն են արժանացել պաշտոնական Բաքվի հավանությանը:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախ հանդիպել են Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ առանձին-առանձին, ապա համատեղ բանակցություններ են տեղի ունեցել:
Եռանախագահների հայտարարության մեջ ասվում է.
«Խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում այժմ տիրող իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացն ակտիվացնելու ճանապարհները գտնելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում նախապատրաստելը: Համանախագահներն ակնկալում են, որ այդ հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության աճին և նրանք քաղաքական կամքի կդրսևորեն՝ խնդրի առանցքային հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար»:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները հանդիպումը դեռ չեն մեկնաբանել: