ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Կովկասում․ Վրաստանը չի կարող դաշինքին անդամակցել 5-րդ կետի վերապահումով
ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը
Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ Վրաստանը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին՝ հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ պարագրաֆին առնչվող հատուկ վերպահումով։ Այսինքն՝ այդ դեպքում հավաքական պաշտպանությունն ու դաշնակցին պաշտպանելու ՆԱՏՕ-ի պարտավորությունը չի տարածվելու Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա։ Այս մասին Կոլոմինան հայտարարել է Ռազմավարության և զարգացման վրացական կենտրոնի առցանց նիստին։
2019 թ-ին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությանը չխոչընդոտելու համար Թբիլիսին պետք է դիտարկի ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունն այնպես, որ 5-րդ պարագրաֆը չտարածվի Թբիլիսիի վերահսկողությունից դուրս գտնվող Աբխազիայի և Հարավային Օսիայի վրա։
«Գերմանիան ՆԱՏՕ-ին անդամակցել է 1955 թ-ին, բայց միայն դրա արևմտյան հատվածը։ ՆԱՏՕ-ի կանոնադրությունը չէր տարածվում Արևելյան Գերմանիայի վրա։ Սակայն 1991 թ-ին Գերմանիայի վերամիավորումից հետո ՆԱՏՕ-ի կանոնադրությունը սկսել է տարածվել նաև Արևելյան Գերմանիայի վրա։ Նույնպիսի մեխանիզմ կարող է մշակվել Վրաստանի համար։ Իհարկե, դա վիճելի է, և դա պետք է հաշվի առնի ինչպես Վրաստանն, այնպես էլ ՆԱՏՕ-ն», — ասել էր Ռասմուսենը 2019 թ-ին։
Նա նաև նշել էր, որ դաշինքը սխալվել է 2008 թ-ին, երբ Վրաստանին և Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցության գործողությունների պլան չի տրամադրել։
ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածը հատնի է որպես «մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար», և այս սկզբունքը ռազմական դաշինքի հիմնաքարն է։
5-րդ հոդվածում ընդգծվում է նաև, որ հավաքական պաշտպանության միջոցներն, այդ թվում՝ «ռազմական ուժը», պետք է կիրառվեն միայն անհրաժեշտության դեպքում։
«Իմ պատասխանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենի առաջարկին միանշանակ բացասական է։ Չեմ կարծում, որ դա հնարավոր է։ Անկեղծ ասած, չեմ էլ կարծում, որ դա օգտակար կլիներ ներկայիս հանգամանքներում։ ՆԱՏՕ-ն սատարում է և շարունակում է սատարել Վրաստանի տարածքային ամբողջականությունը դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Դա մեր գլխավոր ուղերձներից է ոչ միայն Վրաստանի կառավարությանը, այլև մեր մրցակիցներին», — ասել է Կոլոմինան։
Նրա խոսքով՝ դաշինքը կցանկանար առաջընթաց տեսնել այդ չկարգավորված հակամարտություններում Ժնևի միջազգային քննարկումների համատեքստում։ Կոլոմինիայի խոսքով՝ Վրաստանը, միանշանակ, ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերներից է, և ներկայիս հարաբերություններն օգտակար են Վրաստանին։