«Մարդկանց չէի ճանաչում և չէի կարողանում խոսել»․ Նավալնին պատմում է, թե ինչպես է մահից փրկվել
Մեծ մասամբ կոմայի մեջ անցկացրած 18 օրերից հետո ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին առաջին անգամ պատմել է, թե ինչ է զգացել և ինչպես է կյանքի վերադառնում։
2020 թ-ի օգոստոսի 20-ին Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ էր ընկել ինքնաթիռով ուղևորության ժամանակ Ռուսաստանի տարածքում։ Նա Օմսկ քաղաքի հիվանդանոցից տեղափոխվել էր Գերմանիա։ Գերմանիայի, Շվեդիայի և Ֆրանսիայի երեք անկախ լաբորատորիաների փորձագետների եզրակացության համաձայն՝ նա թունավորվել է «նովիչոկ» դասի մարտական թունավոր նյութով։ Այժմ Նավալնու գործով է զբաղվում Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։

«Բոլորովին վերջերս ես մարդկանց չէի ճանաչում և չէի հասկանում, թե ինչպես խոսել։ Ամեն առավոտ գալիս էր բժիշկն ու ասում․ «Ալեքսեյ, գրատախտակ եմ բերել, եկեք մտածենք, թե վրան ինչ բառ գրենք»։

Ի՞նչ սպասել Ռուսաստանի նախագահ Նավալնուց
Դա ինձ հուսահատեցնում էր, որովհետև ես, թեև արդեն ընդհանուր առմամբ հասկանում էի, թե ինչ է ուզում բժիշկը, չէի հասկանում, թե որտեղից բառ գտնել։ Գլխի որ մասում են դրանք առաջանում։ Որտեղի՞ց բառ գտնել և ինչպե՞ս այնպես անել, որ այն ինչ-որ բան նշանակի։ Այս ամենը բացարձակ անհասկանալի էր։
Սակայն հուսահատությունս նույնպես չգիտեի, թե ինչպես արտահայտել, այդ պատճառով էլ պարզապես լռում էի։ Եվ սա դեռ նկարագրում եմ այն փուլը, որն արդեն ինքս եմ հիշում»։
Նավալնին գրում է, որ այժմ ինքը պարզապես «մեկն է, ում ոտքերը դողում են, երբ աստիճաններով է իջնում»։ Սակայն նա արդեն հասկանում է, որ պետք է վերելակը գտնել։ «Իսկ առաջ ես պարզապես կանգնում ու նայում էի», — գրում է նա։
Նավալնին շնորհակալություն է հայտնել գերմանական «Շարիտե» հիվանդանոցի բժիշկներին, որտեղ գտնվում է, իր բուժման առաջընթացի համար։