Նախկին վարչապետի թիմի վեց պատգամավոր լքել է Վրաստանի իշխող կուսակցությունը
Վեց պատգամավոր լքել է իշխող «Վրացական երազանքը»։ Նրանք պլանավորում են նոր կուսակցություն ստեղծել և ակտիվացնել իրենց գործունեությունը նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հետ միասին։ Նրանց խոսքով՝ իրենք Գախարիայի թիմի անդամներ են, և որոշումն ընդունվել է նրա հետ միասին։
Գիորգի Խոջևանիշվիլին, Միխեիլ Դաուշվիլին, Բեքա Լիլուաշվիլին, Աննա Բուչուկուրին, Ալեքսանդր Մոցերելիան և Շալվա Կերեսելիձեն լքել են «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական մեծամասնության շարքերը։
«Մենք «Վրացական երազանքի» անդամներ ենք եղել, այդ պատճառով էլ կիսում ենք այդ փուլում ունեցած բոլոր հաջողություններն ու անհաջողությունները։ Միաժամանակ մենք պատասխանատվություն ենք զգում սխալների համար և այս քայլը պատասխանատվության նույնպիսի զգացումով ենք անում», — ասել է Գիորգի Խոջևանիշվիլին։
Նրա խոսքով՝ այսօր բնակչությանն անհանգստացնում են համավարակը, տնտեսական ճգնաժամը, գործազրկությունն ու աղքատությունն, այլ ոչ թե քաղաքական կուսակցությունների դիմակայությունն ու վեճերը։
Պատգամավորները հայտարարում են, որ մոտ ապագայում Գիորգի Գախարիայի հետ միասին հանրությանն ավելի շատ տեղեկություն կտրամադրեն։
Խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն հայտարարել է, որ Գիորգի Գախարիայի թիմն, ըստ ամենայնի, կմիանա արտահերթ ընտրությունների պահանջին, քանի որ «նրանք փաստացի ընդդիմություն են դարձել»։
«Տեսնենք, թե ինչ կուսակցության մեջ են միավորվելու, ինչպիսի դիրքորոշւմ են ունենալու։ Հարցերը չափազանց շատ են, և դրանք ունենալու են պատասխաններ։ Այդ քայլն արդարացված չէ։ Պարզապես ամոթ է, երբ խուսափում ես ընդհանուր պատասխանատվությունից և խոսում ես այն խնդիրներից, որոնց համար ինքդ ես պատասխանատվություն կրում և պարտավոր ես աշխատել դրանց լուծման վրա», — հայտարարել է Տալակվաձեն։
Գիորգի Գախարիան վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել փետրվարի 18-ին։
Ինչպես պարզաբանել է Գախարիան, իր հրաժարականի պատճառներից մեկը «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կալանքի մասին դատարանի վճիռն է եղել։ Նա հայտարարել է, որ անարդար է համարում Նիկա Մելիայի կալանքն այն պայմաններում, երբ քաղաքական սրացման վտանգ կա։
Գախարիայի խոսքով՝ իր հրաժարականի պատճառն այն է, որ ինքը չի կարողացել պայմանավորվել «թիմի» հետ։