Մոսկվա․ ամենամարդաշատ բողոքի ակցիան վերջին յոթ տարվա ընթացքում
Կիսվել
Կիսվել
Օգոստոսի 10-ին ավելի քան 60 հազար ռուսաստանցի է մասնակցել «Հանուն արդար ընտրությունների» ակցիային։ Ցույցերի համար առիթ է դարձել Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին անկախ թեկնածուներին չգրանցելը։
Հանրահավաքի հիմնական մասն անցկացվել է Մոսկվայի Սախարովի պողոտայում։ Սակայն մայրաքաղաքին աջակցել են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկն, Իժևսկը, Ռոստովը, Բրյանսկն ու այլ քաղաքներ։
Մոսկվայի ցույցին մասնակցել են հայտնի երգիչներ, գրականագետներ, հեռուստահաղորդավարներ։
Իշխանությանն առաջադրված գլխավոր պահանջները հետևյալն են․ ազատ արձակել նախորդ ակցիայի ժամանակ ձերբակալված բոլոր մասնակիցներին, պատժել ապօրինի կալանքների համար մեղավորներին, դադարեցնել ոստիկանական ամենաթողությունը, գրանցել անկախ թեկնածուներին;։ Եվ ամենակարևոր պահանջներից մեկն է՝ Մոսկվայի քաղաքապետի հրաժարականը։
Մոսկվայում ցույցի ավարտից հետո մի քանի հարյուր մարդ է փորձել տեղափոխվել նախագահի վարչակազմի՝ Կրեմլի մոտ տեղակայված շենքի մոտ։ Ոստկանությունը զանգվածային ձերբակալություններ է իրականացրել։
Օրվա ամփոփում։
Մոսկվայում ձերբակալվել է 146 մարդ, Սանկտ Պետերբուրգում՝ 86 մարդ, Ռոստովում՝ 11, Բրյանսկում՝ 2 մարդ։
Մոսկվայում ձերբակալվածներից մեկին, որը շաքարախտով է հիվանդ, զրկել են ինսուլինից։ Հարցաքննությունը շարունակվել է նաև այն ժամանակ, երբ նրան վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել։