«Ակնարկ դժգոհության մասին»․ ՀՀ ԱԳ նախարարը չի մեկնել Թուրքիա
Միրզոյանը չի մասնակցում Անթալիայի ֆորումին
Ապրիլի 17-19-ը Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումին այս տարի Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մեկնել Թուրքիա։
ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի մեկնարկից՝ 2022 թվականից ի վեր սա առաջին տարին է, որ Միրզոյանը որոշել է ներկա չգտնվել համաժողովին։ Անթալիա չի մեկնել նաև կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որը 2024 թ․-ին և 2025 թ․-ին մասնակցել է ֆորումին։
«Ես Անթալիա չեմ մեկնելու, հո ամեն անգամ չեմ գնա»,- լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Ռուբինյանը։
Պաշտոնական Երևանը չի պարզաբանել, թե ինչով է պայմանավորված ներկայացուցչական շեմի իջեցումը։ Փորձագետները, սակայն, կարծում են՝ այս կերպ հայկական կողմը փորձում է իր դժգոհությունն արտահայտել դեռևս չիրագործված պայմանավորվածությունների հետ կապված։ Խոսքը, մասնավորապես՝ երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար հայ-թուրքական սահմանը բացելու մասին է։
«Եթե Թուրքիան այս չնչին քայլը չի անում, ուրեմն արտաքին գործերի նախարարը գնում է այնտեղ ի՞նչ անի»,- կարծում է թուրքագետ Նելլի Մինասյանը։
Նրա տեղեկություններով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր հերթին, չի մասնակցելու մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որին ներկա են լինելու տասնյակ երկրների առաջնորդներ։
«Նշվում է, որ գուցե Ֆիդանը գա, բայց հանդիպումն այդ մակարդակով չէ, հետևաբար, այստեղ կարևորը հենց Թուրքիայի նախագահի մասնակցության խնդիրն է»,- CivilNet-ի հետ զրույցում նկատել է Մինասյանը։
2026 թ․-ի տարեսկզբին որոշ հայկական ԶԼՄ-ներ տեղեկություններ էին տարածել, որ փետրվարի 1-ին ՀՀ-Թուրքիա սահմանը կբացվի երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար: Կարգավորման գործընթացում ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը նման պայմանավորվածություն էին ձեռք բերել դեռևս 2022 թ․-ի հուլիսին:
Պաշտոնական Երևանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր սահմանի մասնակի բացման մասին լուրերը: Միայն նշել էր, որ Թուրքիան վերականգնում է «Ալիջանի» անցակետը»։ Հայկական կողմում գտնվող «Մարգարա» անցակետը շահագործման պատրաստ է վաղուց՝ 2023 թ․-ի դեկտեմբերից։ Չնայած ձեռքբերված պայմանավորվածություններին՝ սահմանը շարունակում է մնալ փակ։
- «Անվտանգային առումով նույն նավակի մեջ ենք»․ հայ փորձագետները՝ Ադրբեջան կատարած այցի մասին
- «Պայքար սկանդալների երկրպագու ընտրողների համար»․ կարծիք ՀՀ ներքաղաքական իրավիճակի մասին
- «ՌԴ-ն որոշել է Հայաստանին շանտաժ անել գազի գնի բարձրացմամբ»․ կարծիքներ Երևանից
«Գնդակը մեր դաշտում չէ»․ Ռուբեն Ռուբինյան
Օրերս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադարձել էր ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Մասնավորապես՝ նշել էր, որ մի շարք քայլեր արդեն իսկ արվել են: Ամենամեծ պայմանավորվածությունն, ըստ նրա, երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանը բացելն է։
«Մենք մեր կողմից անելիքն արել ենք, նկատի ունեմ՝ անցակետի վերականգնումը: Լավ լուրն այն է, որ թուրքական կողմից այս տարի սկսեցին աշխատանքներ տանել անցակետի վերականգնման ուղղությամբ, և մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը։ Այս առումով գնդակը մեր դաշտում չէ»,- հայտարարել էր նա։
Նախապատմություն. ի՞նչ են մինչ օրս պայմանավորվել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները
2021 թ.-ի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հայտարարեցին կարգավորման գործընթացի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին Ռուբեն Ռուբինյանին և Սերդար Քըլըչին:
Մինչ օրս կայացել է Ռուբինյան-Քըլըչ 6 հանդիպում: Կողմերը 2022 թ․-ից ի վեր անցկացրել են չորս հանդիպում արտերկրում, մեկը՝ հայ-թուրքական սահմանին և վերջինը՝ Երևանում: Հանդիպումներից հետո Երևանն ու Անկարան սովորաբար հայտարարում են առանց նախապայմանների երկխոսությունը շարունակելու պատրաստակամության և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին:
2025 թ.-ի սեպտեմբերին կայացած երևանյան հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին արագացնել դեռևս 2022 թ.-ին հուլիսին ձեռքբերված պայմանավորվածության կյանքի կոչումը, այն է՝ բացել ՀՀ-Թուրքիա սահմանը երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար:
Բացի այդ, տարբեր հանդիպումների ընթացքում Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են՝
- կատարել անհրաժեշտ տեխնիկական ուսումնասիրությունները՝ Գյումրի–Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդիչ գծի վերականգնման ու գործարկման համար,
- գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը,
- փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։
Մինչ օրս, սակայն, հաղորդվել է միայն վիզայի ընթացակարգերի դյուրացման մասին:
Փորձագիտական կարծիք
Թուրքագետ Նելլի Մինասյանը շատ ողջունելի է համարում այն, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը չի մեկնել Անթալիա։
«Երկու երկրների միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք թուրքական կողմն ուղղակի չի իրականացրել։ Անիմաստ է՝ նորից այնտեղ գնա մեր արտգործնախարարը»,- նշել է նա և հավելել՝ Երևանը որոշել է այս կերպ արտահայտել իր դժգոհությունը։
Անդրադառնալով հայ-թուրքական օրակարգի հարցերին՝ Մինասյանը նշել է՝ Անկարայի արտաքին քաղաքականության մեջ ավելի խոշոր՝ տարածաշրջանային իրադարձություններ են գերակա դիրքում։
Թուրքագետի գնահատմամբ՝ ՀՀ-Թուրքիա սահմանի կամ Հայաստանի հետ կապված ցանկացած գործողություն առաջնահերթություն չէ Անկարայի համար։
Մյուս կողմից, նկատել է՝ թուրքական կողմի համար նույնպես կարևոր են ենթակառուցվածքները, ուստի բացառված չէ, որ երկիրը փոխի իր առաջնահերթությունները, երբ «ԱՄՆ-ն վերջնական որոշում կայացնի TRIPP-ի հարցով, սկսվեն աշխատանքներ, ներդրումներ»։
Նելլի Մինասյանը կարծում է՝ հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած պայմանավորվածությունների չկատարումը պայմանավորված է 2 հանգամանքով՝
- Թուրքիայի կողմից քաղաքական որոշման բացակայությամբ,
- Ադրբեջանի գործոնով, Ալիևի հետ ՀՀ-ին վերաբերող որոշումների համաձայնեցմամբ։
«Ադրբեջանի մոտ միշտ կա մտավախություն, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են ավելի շուտ կարգավորվել և ավելի բնականոն, ավելի դրական զարգացում ունենալ տարբեր հարցերի հետ կապված»,- ասում է փորձագետը։
Նա առավել իրատեսական է համարում այն, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր կձեռնարկի միայն ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։
Փաստաթուղթը, որը նախաստորագրվել է 2025 թ․-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ստորագրումից հետո պետք է անցնի նաև վավերացման գործընթաց։ Ըստ Մինասյանի՝ Բաքվում վստահ են, որ նախքան պայմանագրի ստորագրումը ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթաց չի արձանագրվի։
«Պաշտոնական Անկարայի դիրքորոշումն այն է, ինչ ամիսներ առաջ ձևակերպեց Հաքան Ֆիդանը, որ հենց համաձայնագիրը ստորագրվի, համաժամանակյա կբացվեն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական սահմանները։ Իմ կարծիքով՝ սա է իրատեսական, ամենահիմնական մոտեցումը»,- ամփոփել է թուրքագետը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Միրզոյանը չի մասնակցում Անթալիայի ֆորումին