Միջերկրական ծովի գազը, սիրիացի փախստականներն ու Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցները։ Թե ինչպես է Կիպրոսը պատանդ վերցրել Եվրամիությանը
Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները համաձայնեցրել են Բելառուսի 40 բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը, որոնց դեմ պետք է անհատական պատժամիջոցներ սահմանվեն ընտրությունների կեղծման և սեփական բնակչության դեմ բռնաճնշումների համար։ Սակայն այն չի հաջողվել ընդունել բոլորովին այլ հարցի պատճառով, որը Բելառուսի հետ կապ չունի։
26 նախարար կողմ է արտահայտվել պատժամիջոցներին, մեկը՝ դեմ։ Դա Կիպրոսի ներկայացուցիչն է։ Սակայն, ըստ Եվրամիության կանոնների՝ պատժամիջոցների սահմանման մասին որոշում կարող է ընդունվել միայն միաձայն։
Ընդ որում, Կիպրոսի կարծիքը Բելառուսում կատարվածի վերաբերյալ չի տարբերվում ԵՄ մյուս անդամների կարծիքից։ Սակայն պայման է դրվում․ երկիրը կողմ կքվեարկի այն դեպքում, երբ ԵՄ-ն դատապարտի Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովում։
• Ռուսաստանը կգնի Բելառո՞ւսը։ Փորձագետների կարծիքներ
• Բելառուս․ իշխանությունն ուժեղացնում է բռնաճնշումը և «բարեփոխումներ» առաջարկում
• Ռուսական պրոպագանդիստական դեսանտը գրավել է Բելառուսը
Խոսքը Միջերկրական ծովի արևելյան հատվածում գազի հսկայական հանքավայրի շուրջ կոնֆլիկտի մասին է։ Դրանում ներգրավված են, մի կողմից, Կիպրոսն ու Հուաստանը, մյուս կողմից, Թուրքիան։ Երկու կողմերն էլ պնդում են, որ իրենք պետք է զբաղվեն հանքավայրի արդյունահանմամբ։
Եվրամիությունը փորձում է խուսափել Թուրքիայի հետ առճակատումից։ Գլխավոր պատճառն այն է, որ Թուրքիայի տարածքում է գտնվում սիրիացի մոտ 3 մլն փախստական։ Թուրքիայի նախագահ Էրդողանը ոչ բարեկամական գործողությունների դեպքում սպառնում է դադարել նրանց զսպել, և այդ ժամանակ փախստականների հոսքը կողողի, նախևառաջ, Գերմանիան, որն այժմ նախագահում է ԵՄ-ում։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բարելն ասել է, որ «Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պատժամիջոցների հարցը պատանդ է առնվել», և հայտարարել է, որ այժմ հարցի լուծումն իր «անձնական պատասխանատվությունն է»։
Այս շաբաթ Լուկաշենկոյի դեմ պատժամիջոցների հարցը, որն այժմ կապված է Արևելյան Միջերկրականում գազային կոնֆլիկտի հետ, քննարկելու են Թուրքիայի և Հունաստանի ռազմական պատվիրակությունները ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում, այնուհետև՝ Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները։