«Մի՛ վախեցեք պաշտպանել ձեր իրավունքները»։ Շների տերը դատի էր տվել ոստիկաններին և վիճարկել անարդար տուգանքը
Օլեգ Ամիրովը վիճարկել է անարդարացի տուգանքն այն բանի համար, որ իր շները դնչկալներով չեն եղել, և շահել է գործը։ Սա առաջին դեպքն է, երբ շուն ունեցողները դատվում են նման առիթով, սովորաբար, բոլորը նախընտրում են վճարել։ Ամիրովը պնդում է նաև, որ ոստիկաններն իրենից գումար են շորթել՝ «հարցը լուծելու» համար։
• Կատուները սուրճի են հրավիրում․ տեսանյութ Բաքվից
Երկու հասկի, երեք ոստիկան և $117 տուգանք
Օլեգ Ամիրովը հասկի ցեղատեսակի երկու շուն ունի։
Նա պատմել է, որ նրանց հետ զբոսնելիս է եղել Բաքվի առափնյա բուլվարում, երբ իրեն է մոտեցել երեք ոստիկան և հարցրել, թե ինչու են շներն առանց դնչկալների։
Ամիրովը պատասխանել է, որ հասկին միջին ցեղատեսակի շուն է, իսկ դնչկալների մասին կանոնը տարածվում է միայն խոշոր շների վրա։
Ի պատասխան ոստիկաններն ասել են, որ օրենքում նշված չէ, թե որ շներն են խոշոր համարվում, այդ պատճառով էլ ոստիկանությունն ինքն է դա որոշում։
Շների չափսերի մասին վեճը շարունակվել է ոստիկանական բաժանմունքում։ Արդյունքում, Ամիրովը տուգանվել է 200 մանաթով [մոտ $117]։
«Հաջորդ օրն ինձ փոխանցեցին, որ «իմ հարցը» հնարավոր է լուծել տուգանքի կեսով», — ասում է Ամիրովը։
Օլեգ Ամիրովը դատի է տվել և շահել այն․ տուգանքը չեղարկվել է։
Ոստիկանը, որի դեմ հայց էր ներկայացվել, դատական նիստին չէր ներկայացել։
Շորթման հարցը չի քննարկվել։
«Հարկադիր կատարողն ասաց, որ ես առաջինն եմ, ով որոշել է չվճարել և մինչև վերջ գնալ», — ասում է Ամիրովը։ Նա կոչ է անում շների բոլոր տերերին, որոնք նման խնդրի են բախվում, միանգամից տուգանք չվճարել և չվախենալ պաշտպանել իրենց իրավունքները։
Նմանատիպ դեպքեր
Սոցցանցերի որոշ օգտատերեր կիսվել են ոստիկանության հետ նույն թեմայով շփման իրենց փորձով․
«Ես ցվերգշնաուցեր ունեմ, այն փոքրիկ ծառայողական շուն է։ Բայց ոստիկաններն ինձ էլ էին մի անգամ «կպել», 7-8 հոգի էին, փորձում էին ապացուցել, որ նա պետք է դնչկալով լինի»;
«Իմ շունը միջին ցեղատեսակի է, և ես երբեք նման խնդիր չեմ ունեցել։ Սակայն նույն ցեղատեսակի շուն ունեցող ընկերոջս մի քանի տարի առաջ 200 մանաթով տուգանել են»;
«Ինձ ոստիկանությունը մի քանի անգամ դիտողություն է արել, սակայն պահանջել է մինչև 30 կամ 60 մանաթ»։
Ինչպե՞ս է՝ ըստ օրենքի
Իրոք, Ադրբեջանի վարչական օրենսդրության համաձայն, խոշոր շներին պետք է զբոսանքի դուրս բերել դնչկալով։ Այդ կանոնի խախտման համար 200 մանաթ տուգանք է նախատեսված։
«Խոշորության չափորոշիչներն» օրենքում նշված չեն, սակայն շների չափսերի ընդունված դասակարգում կա։ Յուրաքանչյուր ցեղատեսակի շան անձնագրում սովորաբար նշվում է, թե որ դասին է այն պատկանում։
Օլեգ Ամիրովի հասկիների պարագայում՝ նրանց փաստաթղթերում գրված է, որ դրանք միջին չափսի ցեղատեսակի շներ են։ Իսկ դա նշանակում է, որ նրանք չպետք է դնչկալներ կրեն։
«Մինչև 30 կգ քաշով և 60 սմ-ից պակաս հասակով շները պարտադիր չէ, որ դնչկալներով լինեն։ Դադարեք հովանավորել կոռուպցիան․ դա այն ոչնչացնելու միակ եղանակն է», — ասում է Ամիրովը։