«Բաքուն ԼՂ-ի հարցը կդարձնի ՌԴ և Արևմուտքի հետ սակարկությունների առարկա»․ կարծիք
Մեկնաբանություն՝ ԼՂՀ լուծարման մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագրի հրապարակումից հետո մի շարք հայ փորձագետներ քննարկում են դրա իրավազորությունը։ Մասնավորապես, նշում են անկախությունը հռչակվել է հանրաքվեով, ուստի նույն կերպ պետք է իրականացվեր նաև լուծարումը։ Մյուս կողմից արձանագրում են՝ հրամանագիրը ստորագրվել է «բացահայտ սպառնալիքի ներքո, այն իրավունքի սուբյեկտի կամահայտնության հետ որևէ աղերս չունի»։
«Հայաստանի և արցախահայության խնդիրը պետք է լինի այս փաստարկները պահելով նաև փորձել վերականգնել ուժերի բալանսը, որպեսզի փաստարկները դառնան քաղաքական գործոններ և թույլ տան լուծել խնդիրներ»,- կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
JAMnews-ի հետ զրույցում նա նշել է, որ պետք չէ մոռանալ՝ լուծարումը ոչ թե փաստաթղթի, այլ ուժային գործողության արդյունքում է եղել, ինչն էլ ամրագրվել է «պարտադրված հրամանագրով»։ Իսկ Ադրբեջանն, ըստ նրա, ռազմական գործողությունների է դիմել՝ հաշվի առնելով հենց ուժերի ներկայիս բալանսն ու վայելելով «բոլոր ուժային կենտրոնների առնվազն լռելյայն, որոշների դեպքում՝ գործուն աջակցությունը»։
Ասում է՝ հայկական կողմը պետք է իր ունեցած այս և այլ փաստարկները պատրաստ և մշակված պահի, որպեսզի պատեհ իրավիճակում կարողանա օգտագործել «սեփական խաղաքարտերը»։ Դա, ըստ նրա, կարող է տեղի ունենալ ոչ շատ հեռավոր ապագայում։
ԼՂՀ-ն լուծարելու մասին Արցախի նախագահի հրամանագիրն «անօրինական և ոչ իրավաչափ», «անվավեր» է որակել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ մատնանշելով երկու հանգամանք՝
- «ոչ մի նախագահ իրավասու չէ լուծարել հանրաքվեով ժողովրդի ստեղծած հանրապետությունը,
- այդ հրամանագիրը ստորագրվել է ադրբեջանական կոշտ ագրեսիայի և ուժի սպառնալիքի արդյունքում»։
Թեմային անդրադարձել է նաև իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանն ու նշել, որ «Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, այդ պետության հիմնադիր փաստաթուղթը հանրաքվեով կայացված որոշումն է»։ Նրա խոսքով՝ որևէ պաշտոնյա իրավասու չէ չեղարկել այդ պետության գոյությունը, իսկ հրամանագիրն «առոչինչ է», քանի որ ստորագրվել է բացահայտ սպառնալիքի ներքո։
«Արցախի Հանրապետության գոյությունը դե ֆակտո դադարել է ագրեսիայի արդյունքում: Առաջարկում եմ Արցախի Գերագույն դատարանին արտագնա նիստ անել և քննարկել այդ հրամանագրի սահմանադրականության հարցը, սա անհրաժեշտ է հետագա իրավաքաղաքական առողջ ու սթափ զարգացումների համար»,- հայտարարել է նա։
Ստորև ներկայացնում ենք քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ զրույցը ԼՂ-ի և արցախահայության ապագայի, տարածաշրջանային հնարավոր զարգացումների, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին և ոչ միայն։
«Դերակատարները աչք են փակել, Ադրբեջանը ստացել է կոնսենսուս»
«Բաքուն ռազմական գործողության կգնար միայն համոզված լինելով, որ այն ընդունելի է լինելու առնվազն լռելյայն աջակցության մակարդակում։ Իհարկե, այլ աստիճաններով գործակցություն կար տեղում գտնվող ռուս խաղաղապահների մասով, Իրանի և Արևմուտքի մասով։
Գործնականում Լաչինի միջանցքի արգելափակումն ինքնին պատերազմական բնույթի գործողություն էր, և մենք փաստացի տեսանք տրամաբանական շղթան։ Տեսանք, որ հենց արգելափակումով Բաքուն սկսեց նախապատրաստել իր ագրեսիան Արցախի դեմ՝ նախ թուլացնելով, խեղդելով Արցախը, առավելագույնս նվազեցնելով դիմադրության հնարավորությունը, հետո անցնելով ռազմական գործողությունների։
Ադրբեջանի այս քաղաքականությունը նույնպես վայելում էր գործնականում բոլոր դերակատարների առնվազն լռելյայն աջակցությունը։ Իհարկե, հայտարարում էին, որ անհապաղ պետք է բացվի, կոչեր էին անում և այլն։ Բայց մոտ տասը ամիսների ընթացքում մենք այդպես էլ չտեսանք որևէ առարկայական գործընթաց, որը կարող էր ունենալ Ալիևի համար խնդիր ստեղծելու հեռանկար և մտածել տար արգելափակումը դադարեցնելու մասին։
Յուրաքանչյուր դերակատար իր պատկերացումներից և խնդիրներից ելնելով է աչք փակել, ակտիվ կամ պասիվ աջակցել։ Հասկանալի է, որ բոլորն ունեն իրենց առանձին խնդիրները։ Բայց այդ բոլոր խնդիրները որոշակի կետերում հանգել են նրան, որ Ադրբեջանը ստացել է այդ կոնսենսուսը»։
Իրավիճակի կանխատեսում․ ՌԴ և Արևմուտքի մոտիվները
«Շատ անկանխատեսելի ժամանակներ ենք ապրում, բայց կարող ենք դիտարկել, թե որ տարբերակի դեպքում ինչ մոտիվներ կարող են լինել։
Առաջին հերթին, պետք է արձանագրել մարդկանց վերաբերմունքը։ Մարդիկ, բնականաբար, մտածում են իրենց անվտանգության մասին, գրեթե բոլորը անվտանգությունը տեսնում են Ադրբեջանից որքան հնարավոր է հեռու։ Սրան զուգահեռ կան քաղաքական մոտիվներ։
ՌԴ-ն ունի որոշակի շահագրգռություն այնտեղ թեկուզ նվազագույն քանակով հայության գտնվելու հարցում, որպեսզի այդ հիմքով այնտեղ գտնվեն նաև ռուս խաղաղապահները։ Դա նաև հետագա պլանների կամ սցենարների հիմք է Ռուսաստանի համար։
Արևմուտքում հակառակ տրամադրվածություն կա։ Եթե Արցախից հայերը հեռանան ամբողջապես, դա կչեզոքացնի, կվերացնի ՌԴ՝ այնտեղ լինելու հիմքերը։ Իսկ եթե Ռուսաստանը դուրս գա, դա զգալիորեն կթուլացնի նաև նրա կովկասյան դիրքերը։
Այս երկու մոտիվներն են քաղաքական իրավիճակի հիմքում։ Բնականաբար, ինչպես մյուս բոլոր հարցերը, այս հարցը ևս Ադրբեջանը դարձնելու է Արևմուտքի և Ռուսաստանի հետ հնարավորինս շահավետ սակարկությունների առարկա՝ փորձելով իրավիճակից քաղել առավելագույնը և ի վերջո ընդունել այն ռեժիմը, որն իր համար առավել նպաստավոր կլինի քաղաքական իմաստով»։
Պատժամիջոցներ կլինեն, եթե Ադրբեջանը դուրս գա Արևմուտքի դեմ
«Իսկ Ադրբեջանն Արևմուտքի դեմ դուրս չի գալիս։ Հակառակը, տեսնում ենք՝ Արևմուտքի հետ տարբեր պայմանավորվածություններ է ձեռք բերում։ Հիմա քննարկում են Արցախում մարդասիրական առաքելություն տեղակայելու հարցը։ Ալիևը խոստացել է, որ կտեղակայի։ Կարծում եմ՝ տեղակայման գինը լինելու է այն, որ Արևմուտքն Ալիևին ազատի էթնիկ զտման մեղադրանքից։
Արևմուտքի շահերն առայժմ որևէ կերպ չեն ենթադրում Ադրբեջանի հետ հակադրություն, առավել ևս, որ դա նշանակելու է նաև հակադրություն Թուրքիայի հետ։ Բացի այդ, դրանից կօգտվեն Ռուսաստանն ու Իրանը։ Իսկ Արևմուտքի գերագույն խնդիրներից մեկը տարածաշրջանոմ ՌԴ և Իրանի ազդեցության թուլացումն է»։
«Հայաստանի հանդեպ լարվածությունը չի թուլանա»
«Տարածաշրջանում էապես նվազում է Արցախի հետ կապված հարցերի ազդեցությունը առնվազն քննարկումների, փաստարկների առումով։ Իմ գնահատմամբ՝ սա նկատելիորեն ուժգնացնելու է քաղաքական մթնոլորտի ճնշումը Հայաստանի ուղղությամբ։ Այն հարցերը, որոնք անմիջապես առնչվում են Հայաստանին միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում կհայտնվեն ավելի ճնշող մթնոլորտում։ Խոսքն այն հարցերի մասին է, որոնք վերաբերում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության պայմանագրի բովանդակության մաս են կազմում։
Երևանը հայտարարում էր, որ պայմանագիրը չի կարող մշակվել և ընդունվել, եթե չկա Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրում։ Այսօր այդ գործոնը, այդ փաստարկը զգալիորեն թուլանում է։ Մյուս հարցերի առնչությամբ Երևանը նոր կամ ավելի ուժեղ փաստարկ մեծ հաշվով չունի։
Տպավորություն է, թե Արցախում այս «հանգուցալուծումը» կարող է Հայաստանի հանդեպ լարվածությունը թուլացնել, բայց կարծում եմ՝ հակառակն է։ Մեծ հաշվով այս ամենի հիմքում Կովկասի խնդիրն է։ Եվ քանի որ չեն փոխվել մոտիվներն ու խոշոր դերակատարների ռազմավարական նպատակները, սա նշանակում է, որ Հայաստանի ինչ-որ փաստարկ թուլանում է, իսկ հակառակ կողմը ոչ միայն չի կորցնում, այլ ձեռք է բերում։
Թուրքիայից և Ադրբեջանից հնչող հայտարարություններն էլ ցույց են տալիս, որ Հայաստանից պահանջները չեն փոխվել, փոխարենը փոխվել է փաստարկների հարաբերակցությունը և ոչ մեր օգտին»։
Թուրքիան չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցքից»
«Թուրքիան երբեք չի հայտարարի, որ ուժով Հայաստանից ճանապարհ է ստանալու, բայց դա չի նշանակում, որ հրաժարվելու է դրանից։ Թուրքիայի նպատակն է Ադրբեջանի հետ ուղիղ, երրորդ երկրի կողմից նվազ վերահսկվող կամ չվերահսկվող կապ ունենալը։
Դրա շնորհիվ Թուրքիան ոչ միայն կամրացնի իր դիրքերը Կովկասում, այլև ավելի կինտենսիվացնի իր գործողությունները դեպի Կենտրոնական Ասիա։ Իսկ Թուրքիայի առաքելությունը դեպի Կենտրոնական Ասիա զգալիորեն համահունչ է արևմտյան ռազմավարությանը ինչպես ՌԴ և Իրանի դիրքերը թուլացնելու, այնպես էլ Չինաստանի դիրքերը պատնեշելու տրամաբանությամբ։
Այս ռազմավարական նպատակը գրեթե ստացել է ժամանակակից թուրքական պետականության առանցքի նշանակություն։ Այդ հանգամանքն է այսօր զգալիորեն իմաստավորում թուրքական պետականության սուբյեկտությունը։ Մտածել, որ Թուրքիան հրաժավելու է այդ նպատակին հասնելուց, մեծ մոլորություն է։
Իսկ թե ինչպես, ինչ մեխանիզմով, գործիքներով ու ճանապարհով կձգտի դրան, էապես կախված է լինելու միջազգային իրադրությունից, այլ խաղացողների հետ փոխհարաբերություններից, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի և Արևմուտքի։
Օրերս Թուրքիայի նախագահն ասել է, որ եթե Հայաստանը հակառակվի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ապա այն կարող է անցնել Իրանով։
Հնարավոր է՝ Էրդողանն իր հայտարարությամբ Արևմուտքին էր ակնարկում, թե՝ կարող եմ նաև Իրանի հետ պայմանավորվել շատ հանգիստ, եթե դուք չաջակցեք ճանապարհների հարցում իմ մոտեցումներին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Մեկնաբանություն՝ ԼՂՀ լուծարման մասին