Մարտի 25-ին սպասվում է ամենազանգվածային բողոքի ակցիան Բելառուսում
Euroradio-ի նյութերի հիման վրա, Մինսկ
Մարտի 25-ին Բելառուսի մայրաքաղաքում պլանավորվում է ամենազանգվածային ակցիան «ձրիակերների հարկի» դեմ: Այդ մասին Euroradio-ին տվածհարցազրույցում ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Նիկոլայ Ստատկևիչը:
Բողոքի զանգվածային ակցիաները, որոնց մասնակցել են արդեն տասնյակ հազարավոր մարդիկ, արդեն մեկ ամսից ավել է՝ անցկացվում են Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում: Առիթն այսպես կոչված մոտ 200 դոլարի չափով «ձրիակերների հարկն» է, որը նախատեսվում էր ստանալ նրանցից, ովքեր պաշտոնապես չեն աշխատում: Դրա ազդեցությունը տարածվում է նաև Նոբելյան մրցանակակիր, գրող Սվետլանա Ալեքսիևիչի վրա:
Բելառուսի իշխանությունները սկզբում զերծ էին մնում ցուցարարների հանդեպ խիստ գործողություններից և անգամ այդ հարկի գործողության մորատորիում են հայտարարել: Սակայն ավելի ուշ սկսել են ճնշում գործադրել ակցիաների մասնակիցների վրա դատական գործընթացների և տուգանքների միջոցով:
«Իշխանության այդ բրուտալ գործողությունները միայն զայրացնում են մարդկանց: Դրանք կարող են ցույցերը միայն ավելի արմատական դարձնել: Հատկապես, եթե իշխանությունը պատրաստվում է չեզոքացնել ակցիայի առաջնորդներին, այդ ժամանակ տարերային ակցիան իր համար ավելի վտանգավոր կդառնա», — ասել է Նիկոլայ Ստատկևիչը:
Հարցազրույցում ընդդիմադիրը կոչ է արել Ալեքսանդր Լուկաշենկոյին մարտի 25-ին ներկա գտնվել ակցիային և մարդկանց հետ հանդիպել:
«Եթե մարդիկ շատ լինեն, իշխանությունը ստիպված կլինի զիջումների գնալ… Մենք պետք է հաճախ փողոց դուրս գանք, դրա համար մշտական վայր ունենանք: Եվ որքան խաղաղ ենք դա ուզում անել, այնքան մեծ աշխատանք պետք է անենք: Դուրս գալ փողոց, կանգնել, պահանջել», — ասել է Ստատկևիչը:
Նրա խոսքով՝ եթե բողոքը չդադարի և աճի, ապա իրադարձությունների զարգացման երկու տարբերակ է հնարավոր. «Կամ ռեժիմը կգնա բանակցությունների և զիջումների, կամ կսկսի փլուզվել»: