ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի բանաձևում մտահոգություն է արտահայտած Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների դրությամբ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն իր 34-րդ նիստի շրջանակում «Վրաստանի հետ համագործակցություն» բանաձևն է ընդունել, որում մտահոգություն է հայտնել Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների և հումանիտար իրավիճակի կապակցությամբ:
Բանաձևում մասնավորապես ասված է, որ տեղի բնակչությունը զրկված է տարրական իրավունքների հասանելիությունից՝ ներառյալ ազատ տեղաշարժվելու, մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքներից և առողջապահության հասանելիությունից:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը պահանջել է Աբխազիա և Հարավային Օսիա «անհապաղ մուտք ապահովել» ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցիչների և այլ միջազգային իրավապաշտպան մեխանիզմների համար:
Բանաձևի համաձայն՝ խորհուրդը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին հանձնարարել է շարունակել Վրաստանին տեխնիկական օգնություն ցուցաբերել և հաջորդ նստաշրջաններին Աբխազիայում և Հարավային Օսիայում մարդու իրավունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել:
Բանաձևի նախագծի օգտին է քվեարկել խորհրդի 47 անդամներից 18-ը: 5 պատվիրակ դեմ էր, իսկ 24-ը ձեռնպահ է մնացել:
Վրաստանի ԱԳՆ-ն իր հայտարարությունում նշել է, որ սա ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից Վրաստանի վերաբերյալ բանաձև ընդունելու առաջին նախադեպն է:
Իր հերթին Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Վրաստանի ներկայացրած բանաձևի նախագիծը «ակնհայտ քաղաքականացված էր և ուղղված էր Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի դեմ»: