Ֆրանսիայի նախագահը պատերազմ է հայտարարել իսլամական անջատողականությանը
Աղբյուր՝ BBC
Էմմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում իսլամական արմատականների կողմից ներքին «հակապետություն» ստեղծելու սպառնալիք կա: Նա զգուշացրել է, որ մինչև տարեվերջ ֆրանսիացի մահմեդականների կյանքը կարգավորող օրենքները կտրուկ խստացվելու են:
Մասնավորապես, կստեղծվի ավելի խիստ վերահսկողություն մզկիթների և կրոնական կրթական հաստատությունների ֆինանսավորման աղբյուրների նկատմամբ:
Բացի այդ, արտասահմանից ժամանող ուսուցիչներին կարգելվի աշխատել կրոնական ուսումնական հաստատություններում:
Ֆրանսիայի նախագահի խոսքերով՝ արմատական իսլամը վտանգ է ներկայացնում երկրի համար, քանի որ նրա հետևորդները ձևավորում են «հակապետություն»:
Դրանք արգելում են երեխաներին հաճախել հիմնական դպրոցներ և կիրառում են հասարակական կյանքի տարբեր ձևեր ֆրանսիական սկզբունքների հետ անհամատեղելի գաղափարների առաջխաղացման համար:
Ֆրանսիան ունի ամենամեծ իսլամական բնակչությունը Արևմտյան Եվրոպայում՝ ավելի քան 6 միլիոն մարդ։
Եվ սա մի երկիր է, որտեղ ծայրաստիճան խստորեն պահպանվում է կրոնի և պետության տարանջատման սկզբունքը:
Սակայն Ֆրանսիայում վերջին տարիներին իսլամական համայնքից ներգաղթյալների մասնակցությամբ ահաբեկչության դեպքերն ավելի հաճախակի են դարձել: Ամենահայտնին Փարիզում Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա 2015 թվականի արյունալի հարձակումն է:
Մեկ շաբաթ առաջ դանակով զինված իսլամիստը Փարիզում ծանր վիրավորեց երկու մարդու:
Իսլամի դեմ օրենսդրությունը խստացնելու փորձեր նախկինում էլ եղել են Ֆրանսիայում: Մասնավորապես, ավելի խիստ սահմանափակումներ են դրվել հասարակական վայրերում հիջաբ կրելու վրա:
Ֆրանսիայում մահմեդականները խստորեն դատապարտել են բռնությունները, իսկ ոմանք զայրացած են արձագանքել ուրբաթ օրը պարոն Մակրոնի առաջարկներին:
«Մահմեդականների դեմ բռնաճնշումները սպառնալիք էին, հիմա՝ խոստում»,- Թվիթերում գրել է ֆրանսիացի իրավապաշտպան Յասեր Լուաթին:
Էմմանուել Մակրոնի քննադատները պնդում են, որ նրա հայտարարությունը 2022 թվականին նախագահական ընտրություններին ընդառաջ պահպանողական ընտրողների համակրանքը շահելու փորձ է: