«Ճակատագրերը մնում են չպարզված»․ Հայաստանի ԱԳՆ-ն՝ բռնի անհետացածների մասին
Բռնի անհետացումների զոհերի օրը Հայաստանում
44-օրյա պատերազմի հետևանքով դեռևս անհետ կորած է համարվում Հայաստանի 303 քաղաքացի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացրած վերջին տվյալներն են։ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ վիճակագրական տվյալները մեջբերել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
Երկրի արտաքին գերատեսչությունն էլ հայտարարել է՝ Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված։
«Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունն անհնարին է դարձնում անհետ կորած անձանց թվի ճշգրիտ գնահատումը և անհետացածների ճակատագրի կամ գտնվելու վայրի և ողջ լինելու վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումը»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների չորրորդ բրյուսելյան հանդիպումը նախատեսված է օգոստոսի 31-ին։ Օրակարգի մասին հաղորդագրություն դեռևս չի տարածվել, հայտնի չէ՝ արդյո՞ք Փաշինյանն ու Ալիևը քննարկելու են Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին հայտարարեց, որ հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայ իրավապաշտպանների տեղեկությունների համաձայն՝ Բաքվում պահվում է ևս 80 հայ գերի։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 150 գերի։
«Ադրբեջանը շարունակում է անտեսել ՄԻԵԴ-ի որոշումները»
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարից հետո էլ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց․
«Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված»։
Պաշտոնական Երևանի համոզմամբ՝ անհետացածների ճակատագրի վերաբերյալ հավաստի տեղեկությունների ձեռքբերումն անհնարին է դարձնում «Ադրբեջանի իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունը»։
«Ադրբեջանը շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ Ադրբեջանում հայ պատանդների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացված հրատապ միջոցները, որոնք պարտավորեցնում են Ադրբեջանին դադարեցնել հայերի նկատմամբ ռասիստական և խտրական քաղաքականությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Արտգործնախարարությունը անհետացումների խնդիրը բնորոշել է որպես մարդասիրական առաջնահերթություն, որը պետք է ապաքաղաքականացվի․
«Նման մոտեցման բացակայության պարագայում արդարությունն ու սոցիալական առողջացումը, հետևաբար՝ երկարաժամկետ խաղաղությունը կմնան վերացական»։
Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը սահմանվել է 2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որպես բռնի և հարկադրված անհետացումների հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների մասին հիշեցում: Բռնի անհետացումը խախտում է անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ կյանքի իրավունքը, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, ազատության և անվտանգության իրավունքը։
«Արձագանքման մեխանիզմներն արդյունավետ չեն»
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում ընթացող հակամարտությունները բռնի անհետացումների հանցագործության համար «բարենպաստ» միջավայր են ստեղծել։ Նրա խոսքով՝ Հայաստանը 44-օրյա պատերազմի օրինակով գիտի «այդ հանցագործության զոհերի ու հարազատների ցավն ու չմարող պայքարը»։
«Ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների ու անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների չտրամադրման կամ այդ տեղեկությունների աղճատման շարունակվող գործելակերպը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների հարցերն օգտագործել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված քաղաքական նպատակների համար»,- ասված է պաշտպանի ուղերձում։
Գրիգորյանի գնահատմամբ՝ արձագանքման մեխանիզմներն այնքան էլ արդյունավետ չեն։ Կարծում է՝ միջազգային իրավունքով նախատեսված կանոնները կյանքի կոչելու համար պետությունները պետք է դրանք ամրագրեն ներպետական օրենսդրությամբ։
Բռնի անհետացումների զոհերի օրը Հայաստանում