Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 5-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ արտգործնախարարները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներն ամենավճռական ձևով դատապարտել են հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր սրացումը։
Նրանք ընդգծել են, որ վերջին գրոհները, որոնց նպատակը, ենթադրաբար, քաղաքացիական օբյեկտներն էին ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ՝ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաև այդ գրոհների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք են տարածաշրջանային կայունության համար։
Հայտարարության հեղինակները կոչ են արել հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահ հրադադար սահմանել։
-
Հայաստանի վարչապետը զանգահարել է Ռուսաստանի նախագահին
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կրկին քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացող զինված հակամարտությունը: Նրանք խոսել այն մասին, որ սրացումը լայնածավալ բնույթ է ստացել, երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրել, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների շրջանում:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահը կրկին շեշտել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
-
Ադրբեջանի բանակն իր վերահսկողության տակ է առել ևս մի քանի գյուղ և բարձունք – Ալիև
«Այսօր ադրբեջանական բանակն ազատագրել է Ջաբրայիլի շրջանի Շըհալի Աղալի, Սարըջալը, Մեզրե գյուղերն ու մի քանի ռազմավարական նշանակության բարձունքներ տարբեր ուղղություններում։ Մեր հերոսական բանակի հաջող գործողությունը շարունակվում է։ Ղարաբաղն Ադրբեջան է»․ Թվիթերում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
-
«Ղարաբաղի Պաշտպանության բանակը հակառակորդին ծուղակն է գցել»․ Հայաստանի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը այսօր,
ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն,- հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի»։
-
Գյանջան կրկին հրետակոծվում է․ Ադրբեջանի ՊՆ
Հայկական զինված ուժերը հերթական անգամ հրետակոծում են Գյանջա քաղաքը, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
«Հայաստանը չէր կարող հարվածել Մինգեչաուրին»․ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է՝ ինչու
Ադրբեջանական կողմի այն պնդումները, թե Մինգեչաուրն իբր հրթիռակոծվել է Հայաստանի Հանրապետության տարածքից, «ակնհայտ կեղծիք են»,- պնդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Բոլոր պարզաբանումները բերված են հատուկ պատրաստված տեսառեպորտաժում։
Դրանում, մասնավորապես, ասվում է․
— Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի տարածած լուսանկարում պատկերված է «Սմերչ» համակարգի արկ, որն իբր արձակվել է Հայաստանից` Մինգեչաուրի ուղղությամբ։ Սակայն Հայաստանի սահմանից մինչև Մինգեչաուր 108 կմ է։ Այդ հեռավորությունից «Սմերչը» չի կարող հարվածել։ Իսկ համազարկային կրակի համակարգերը կարող են տեղակայվել միայն որոշակի խորության վրա, այլ ոչ թե առաջնագծում։
— Հրթիռի երկարությունը 7 մ 80 սմ է։ Դրա հարվածի դեպքում ավերածություններ պետք է լինեն տասնյակ մետր շառավղով։ Սակայն հրթիռի շուրջ ասֆալտը վնասված չէ։
Ռեպորտաժում ասվում է, որ Ադրբեջանը նման կերպով փորձում է շեղել ուշադրությունը ճակատում իր կրած անհաջողություններից։
-
Հայաստանի վարչապետի որդին որպես կամավոր մեկնում է ճակատ
«Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում։ Համածառայակից ընկերներ ջան, եկել ա մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունները», — գրել է Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։
Որդու գրառմամբ է կիսվել իր էջում կիսվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեր որդին զինվորագրվեց։
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on ორშაბათი, 05 ოქტომბერი, 2020
«Մեր որդին զինվորագրվեց», — լուսանկարի տակ գրել է վարչապետը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ էր արել վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածներին ներկայանալ զինկոմիսարիատներ։ Իր կոչը կառավարության ղեկավարը բացատրել էր նրանով, որ «հենց այս զինվորներն ունեն ամենալավ մարտական պատրաստությունը»։
Աշոտ Փաշինյանը զորազրվել է 2020 թ-ի ամռանը։
-
Հրետակոծվում է Աղջաբեդ քաղաքը․ Ադրբեջանի ՊՆ
Աղջաբեդ քաղաքը հրետակոծվում է հայկական զինուժի կողմից, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Հրետակոծության հետևանքով մի քանի խաղաղ բնակիչ է վիրավորվել,- ասված է հաղորդագրությունում։
-
Պատերազմը չի խանգարիՊատերազմը չի խանգարի․ Երևանում նախապատրաստվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարության ղեկավարների մասնակցությամբ նիստը կայանալու է հոկտեմբերի 8-9-ին։
Հոկտեմբերի 5-ին հատուկ չվերթով Հայաստանի մայրաքաղաք են ժամանել նախապատրաստական աշխատանքներով զբաղվող խմբի անդամները։
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵԱՏՄ բոլոր անդամ երկրներն են մտադիր մասնակցել նիստին, պատասխանել է, որ հրաժարվածների մասին տեղեկություններ չունի։ Իսկ նիստը հետաձգելու մասին ընդհանրապես խոսք չկա։
Ռուսաստանի առաջոնրդությամբ գործող Եվրասիական տնտեսական միության անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։
-
«Պաշտպանության բանակը պայքար է մղում յուրաքանչյուր սանտիմետրի համար»․ Լեռնային Ղարաբաղի նախագահ
Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին առավոտյան եղել է առաջնագծի հարավային թևում՝ Մեխակավանում (Ջաբրայիլ): Այս մասին նա գրել է Facebook- իր էջում․
«Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ»։
-
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել Թալիշ գյուղից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեսակադրեր է հրապարակել Տերտերի շրջանի Թալիշ գյուղից։
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Ադրբեջանի բանակի կողմից այդ գյուղի գրավման մասին։
-
24 զոհ, 121 վիրավոր․ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է կորուստների մասին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը տեղեկություններ է տարածել հայկական զինուժի կողմի հրետակոծության հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին։
«Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր զոհվել է 24 խաղաղ բնակիչ, 121 մարդ է վիրավորվել», — ասված է հաղորդագրությունում։
-
«Մարտական գործողությունները կարող են տեղափոխվել Ադրբեջանի ողջ տարածք»․ Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար
Վահրամ Պողոսյանն այս մասին գրել է Facebook-ի իր էջում և այս որոշման հիմնավորումներ ներկայացրել․
— Ղարաբաղն այս օրերին ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ և «այս պնդումը անելու համար կան լուրջ հիմնավորումներ, որոնք ամենևին չեն սահմանափակվում փորձագիտական մակարդակով»։
— Պատերազմ հայտարարելով Ղարաբաղին՝ Ադրբեջանը փաստացի հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդիրը կարգավորելու ճանապարհից և ընտրեց հարցը ուժային տարբերակով լուծելու մոտեցումը:
— Ադրբեջանը պատերազմը սկսելու առաջին օրվանից թիրախավորել է Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնց օգտագործումն արգելված է միջազգային տարբեր կոնվենցիաներով:
— Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ պատերազմում Ադրբեջանը ներգրավել է վարձկան-ահաբեկիչների, որոնց գոյության փաստը հիմնավորվել է միջազգային տարբեր կենտրոնների կողմից:
Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ այս ամենը «լեգիտիմ իրավունք է վերապահում հետագա գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք՝ ահաբեկչական խմբավորումներից այն մաքրելու համար»։
Սոցցանցում կատարած իր գրառումը ԼՂ նախագահը եզրափակում է նրանով, որ հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
-
Ադրբեջանի տարածքը հրթիռակոծվել է Հայաստանի կողմից․ Ադրբեջանի ՊՆ
Հոկտեմբերի 5-ի առավոտյան Ադրբեջանի ՀՕՊ ռադիոլոկացիոն համակարգերի տեխնիկական միջոցներն արձանագրել են Ադրբեջանի վրա Հայաստանի Ջերմուկի, Կապանի և Բերդի շրջանների մեկնարկային դիրքերից հրթիռների արձակումը,- հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Արդեն մի քանի օր է՝ հակառակորդը, որը նեղն է ընկել ողջ ճակատագծում, կանոնավոր հրթիռային հարվածներ է հասցնում Հայաստանի տարածքից Ադրբեջանի խիտ բնակեցված շրջաններին և Ադրբեջանի տարածքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածներին։ Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի հրթիռակոծման փաստը և հայտարարում, որ դա իրականացվել է օկուպցված տարածքներից։ Հայաստանի՝ նման անպատասխանատու և հանցավոր գործողությունները նպատակաուղղված ստիպում են Ադրբեջանին պատասխան միջոցներ ձեռնարկել», — ասված է հաղորդագրությունում։
-
Թեժ մարտեր են ընթանում․ Հայաստանի ՊՆ
Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը և ներկա պահին ղարաբաղյան հակամարտության գոտում տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը․
«Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։ Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ ․․․ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին»։
-
Հարված է հասցվել Տերտեր քաղաքին, երկու մարդ է վիրավորվել․ ԶԼՄ
Հայաստանի զինված ուժերը շարունակում են հրետակոծել Տերտերը ծանր հրետանային միջոցներով, փոխանցում է Qafqazinfo պարբերականը։
Գիշերը քաղաքի կենտրոնում ընկած արկի բեկորներով վիրավորվել է երկու քաղաքացի՝ Թալեհ Նովրուզովը (1981 թ․ծ․) և Դավուդ Սուլեյմանովը (1993 թ․ծ․),- ասված է հաղորդագրությունում։ Նրանք հոսպիտալացվել են։
-
Իրավիճակը հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ՝ հակիրճ
• Կողմերը նոր տվյալներ չեն հաղորդել զոհված զինծառայողների մասին։ Ադրբեջանը հաղորդել է, որ զոհվել է 24 խաղաղ բնակիչ, 111 վիրավոր։ Նախօրեին Հայաստանը հաղորդել էր ավելի քան 200 զինծառայողի մահվան մասին։ Փորձագետները ենթադրում են, որ զինվորականների շրջանում երկու կողմից զոհերը շատ են՝ հաշվի առնելով մարտերի ինտենսիվությունը, որոնք շարունակվում են արդեն իններորդ օրը։
• Հրթիռային հարված ռազմավարական կարևորություն ունեցող ադրբեջանական Մինգեչաուր քաղաքին հայկական զինվորականների կողմից․ այնտեղ է գտնվում ջրամբարն ու հիմնական էլեկտրակայանը։ Ադրբեջանում պաշտոնապես հրապարակվել են հաստատող լուսանկարներ և տեսանյութեր, հաղորդվում է, որ հրթիռը հետ է կասեցվել։ Հայաստանում պաշտոնապես հերքել են հրթիռային հարվածը՝ որպես կեղծ լուր։
• Ադրբեջանի զինվորականների կողմից շարունակվում է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծումը։ Բազում վնասված շենքեր կան, մեծ թվով վիրավորներ։ Հաղորդվում է նաև Շուշի քաղաքի հրետակոծման մասին։
• Հայ զինվորականների հրետանային հարվածները Գյանջային՝ Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքին։ Մեկ տեղացի է զոհվել, չորսը վիրավորվել են։
• Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ «թիրախավորվում են Ադրբեջանի խոշոր ռազմական օբյեկտները» և խոստացել է մարտական գործողություններ սկսել Ադրբեջանի տարածքի խորքում՝ ի պատասխան Ստեփանակերտի և Ղարաբաղի մյուս քաղաքների ու գյուղերի հրետակոծման։ Նա Ադրբեջանի բնակիչներին առաջարկել է․ «․․․լքել բնակավայրերը, որոնցում տեղակայված են ձեր ահաբեկչական բանակի դիրքերը՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»։
• Ադրբեջանական բանակը գրավել է Ջաբրայիլ քաղաքն ու ևս ինը գյուղ, ընդհանուր առմամբ Ջաբրայիլի շրջանում՝ 16։ Այն Ադրբեջանի յոթ շրջաններից մեկն է, որը հարում է Ղարաբաղին, որոնք 1990-ականների սկզբին ընթացող պատերազմից հետո գտնվում են Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության տակ։ Ադրբեջանում հաստատող լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակվել։ Ղարաբաղի իշխանությունները պատասխանել են, որ «Ադրբեջանն անընդհատ հարձակման փորձեր է կատարում, սակայն դրանք ձախողվում են Ղարաբաղի Պաշտպանության բանակի գործողություների արդյունքում»։
• Հայաստանի վարչապետը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է․ «Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն այսօր գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք ծավալվելու համար։ ․․․Թուրքիայի գործողություններն ուղղված են «թուրքական կայսրության» վերականգնմանը։ Եվ եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, «ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում»։
• Ղարաբաղում հերքել են Ադրբեջանի նախագահի օգնականի հաղորդագրությունն այն մասին, որ Ղարաբաղի նախագահը ծանր վիրավորվել է։
• Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է Հայաստանի վարապետ Նիկոլ Փաշինյանին և սատարել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Պուտինի, Մակրոնի և Թրամփի համատեղ հայտարարությունը, որը նրանք ավելի վաղ արել էին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ (ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի միջնորդ)։ Մինսկի խմբի առաջարկն էր անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ բանակցություններին։ Մերկելն, այդ թվում, խոսել է մարդասիրական դադարի մասին պայմանավորվելու անհրաժեշտության մասին, որը թույլ կտար կողմերին ռազմական գործողությունների գոտուց դուրս բերել զոհված զինծառայողների մարմինները։
• «Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ հայկական օկուպացայի դադարեցումը տարածաշրջանում կայունության երաշխիք կդառնա»,- հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզը։
-
Նորություններ, լուսանկարներ/տեսանյութեր 2020 թ-ի հոկտեմբերի 4-ին Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններից