«Հակամարտությունը կարող էր նաև չլինել». կարծիք Ղարաբաղյան խնդրի մասին
Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթաց
Վերջին երեք տասնամյակների ընթացքում Ղարաբաղյան հակամարտությունն անցել է տուրբուլենտություն տարբեր փուլերով, սակայն կարգավորման փուլին չի մոտեցել։ Չեն փոխվել նաև կողմերի դիրքորոշումները։ Հակամարտությունը չի մոտեցել լուծմանը ո՛չ պատերազմներից հետո, ո՛չ էլ խաղաղ բանակցությունների և արտաքին խաղացողների ակտիվ միջամտության արդյունքում։ Ավելին, որոշ հայ փորձագետներ կարծում են, որ հենց նրանց շահերն ու մոտեցումներն են հանգեցրել նոր էսկալացիաների։
Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ինչպե՞ս էր ընթանում բանակցային գործընթացը, ինչպիսի՞ն է իրավիճակը ներկա պահին․ իր տեսակետը JAMnews-ին է տրամադրել ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
- «Կարմիր խաչի օգնությունը բավարար չէ»․ Amnesty International-ը՝ ԼՂ-ի շրջափակման մասին
- «Ֆանտոմային ցավերի է նման»․ հայ քաղաքագետները՝ Լավրովի ելույթի մասին
- «Հայաստանը լքում է ձախողված երկրների ակումբը»․ հայ քաղաքագետ
Արման Մելիքյան, դիվանագետ
Համատեղել անհամատեղելին
«Ֆորմալ առումով կարելի է համարել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը մեկնարկել է 1992 թվականի մարտին, երբ ձևավորվեց թիրախային բանակցային հարթակ՝ ԵԱՀԽ Մինսկի խումբը (այսուհետ՝ ԵԱՀԿ)։
Ադրբեջանն ու չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էին գալիս որպես հակամարտության կողմեր։ Հայաստանն այդ ժամանակ հակամարտության կողմ չէր։
Արցախի ղեկավարության նպատակը հանրապետության անկախության միջազգային ճանաչումն էր, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից։ Բաքվի նպատակն էր նվազեցնել խնդիրը՝ հասցնելով մինչև Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների գոյություն, ինչով էլ նա փորձում էր արդարացնել իր ռազմական ագրեսիան ԼՂ-ի դեմ։
Մյուս կողմից, միջնորդներն էլ փորձում էին համատեղել կողմերի անհամատեղելի, պահանջատիրական դիրքորոշումները։
Արցախի համար դա անկախ պետության կարգավիճակն էր, իսկ Ադրբեջանի համար՝ հակամարտության ճանաչումը՝ որպես Հայաստանի կողմից կիրառված ագրեսիայի հետևանք և անկախություն հռչակած Արցախի ողջ տարածքի «ապաօկուպացիայի» պահանջը՝ մատուցված սեփական տարածքային ամբողջականության վերականգնման սոուսով։.
Միևնույն ժամանակ, զուգահեռաբար ընթանում էին ադրբեջանական կողմի նախաձեռնած ռազմական գործողությունները, որոնց ընթացքում Բաքուն պարտություն կրեց՝ չնայած կենդանի ուժի և սպառազինության ճնշող առավելությանը»։
Հակամարտության կողմ դառնալու հարկադրանք
«1994 թվականի մայիսին՝ անժամկետ զինադադարի կնքումից հետո կողմերի դիրքորոշումները չփոխվեցին։
Ավելին, այդ ժամանակ Հայաստանը, ենթարկվելով արտաքին աննախադեպ ճնշման, ինքն իրեն ճանաչեց որպես հակամարտության կողմ։
Բավական է հիշել այն դրվագը, երբ 1993 թվականի նոյեմբերի վերջին ռուս տխրահռչակ դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը կեղտոտ սադրանք իրականացրեց՝ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային՝ ռազմական գործողությունների մաս չկազմող հատվածում։ Միջադեպը ֆորմալ պատրվակ ծառայեց, որ այժմ ԱՄՆ-ում բնակություն հաստատած, այն ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Անդրեյ Կոզիրևը վերջնագիր ներկայացնի Երևանին՝ պահանջելով «կամավոր» կերպով ճանաչել Հայաստանը՝ որպես հակամարտության կողմ։
Հայաստանի ղեկավարությունը ստիպված էր կատարել այդ պահանջը։ Արդյունքում հակամարտությունը ներքինից վերածվեց միջազգայինի, ինչը հնարավորություն տվեց հետագայում Հայաստանը պիտակավորել որպես ագրեսոր պետություն։
Այս դրվագը լավ նկարագրված է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Ստուպիշինի գրքում»։
Հատված Ստուպիշինի գրքից․
Կոզիրևը հասցրել է հրապարակայնորեն բարձրաձայնել իր բողոքը Հայաստանի իշխանությունների հասցեին այն բանի համար, որ առավոտյան, իբր, կրակել են ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի նախագահի անձնական ներկայացուցչի ավտոշարասյան վրա։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդագրության մեջ այն այսպիսի տեսք ուներ. «Այսօր ադրբեջանա-հայկական սահմանը հատելիս հայկական կողմից խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացվել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Կազիմիրովի և նրան ուղեկցող խմբի ավտոմեքենաների ուղղությամբ։ Արդյունքում վիրավորվել են ՌԴ ներկայացուցչին ուղեկցող ադրբեջանցի զինծառայողները»։ Կոզիրևը հայտարարել է նաև, որ «Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ նման բարբարոսական ակցիան վրդովմունք առաջացնող է և չի կարող արդարացվել»։ Եվ սպառնացել է «կոշտ եզրակացություններով»։
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարությամբ արձագանքել է հաջորդ օրը՝ մանրամասնելով, թե ինչպես են ադրբեջանցիներն ու Կազիմիրովը խախտել հանդիպման վայրի և ժամի պայմանավորվածությունը, և Հայաստանի անունից պահանջել Ռուսաստանից՝ ստեղծել իրավասու հանձնաժողով՝ դեպքի բոլոր հանգամանքները հետաքննելու համար։ Երևանն այն բնորոշել է որպես ադրբեջանական սադրանք։ Միաժամանակ [ՀՀ արտաքին գործերի նախարար] Վահան Փափազյանը հրատապ հեռագիր է ուղարկել Կոզիրևին։ Նա անկեղծ ափսոսանք է հայտնել, բայց նաև խոստովանել, որ իր համար անհասկանալի է Կոզիրևի հայտարարությունների «կոշտ տոնը»։ Փափազյանը Կազիմիրովից պահանջել է նաև հրապարակային կերպով պարզաբանել՝ «արդյո՞ք նա տեղյակ է եղել համաձայնեցված երթուղին փոխելու՝ ադրբեջանական կողմի մտադրությունների մասին, թե՞ ակամա դարձել է Բաքվի իշխանությունների կողմից կազմակերպված սադրանքի զոհը»։
Բոլշևիկների որոշումը
«Այս հակամարտությունը կարող էր առհասարակ չլինել, եթե 1920 թվականին որպես Խորհրդային Հայաստանի տարածք ճանաչված և գրեթե ամբողջությամբ հայերով բնակեցված Արցախը 1921 թվականին Ռուսաստանի բոլշևիկյան իշխող վերնախավի որոշմամբ չփոխանցվեր Ադրբեջանին՝ իր տարածքում հայկական ինքնավարության ձևավորման պայմանով։
1923 թվականին ձևավորվեց հայկական ինքնավարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, սակայն Ադրբեջանին հանձնված տարածքի մոտ մեկ երրորդի վրա։ Խորհրդային ամբողջ ժամանակաշրջանում հայերին հետևողականորեն դուրս էին մղում իրենց սկզբնական բնակության վայրերից. այդպիսին էր Բաքվի վարած ազգային քաղաքականությունը։ Խորհրդային Միության գոյության մայրամուտին դա հանգեցրեց Ստեփանակերտի և Բաքվի միջև քաղաքական առճակատման, իսկ հետագայում՝ հայկական տարածաշրջանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի:
Վստահ եմ, որ տեսականորեն հնարավոր էր հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չափազանց շատ ազդեցիկ արտաքին խաղացողներ որոշեցին առաջ տանել իրենց շահերը՝ մակաբուծելով հակամարտությունը։
Իսկ իրենք՝ հակամարտության կողմերն ի վիճակի չեղան ինքնուրույն մշակել փոխադարձ ընդունելի լուծում։
Եվ ահա նորից պատերազմ, իսկ կողմերի միջև խաղաղություն ինչպես չկար, այնպես էլ չկա։
Քարտ-բլանշ արտաքին խաղացողներից
«Չեմ կարծում, որ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմը փոխեց ազդեցիկ, խոշոր միջազգային խաղացողների դիրքորոշումները, բացառությամբ մեկ երկրի, և նույնիսկ նա [նկատի ունի Ռուսաստանը] իր դիրքորոշումը վերջնականապես փոխել էր դեռևս 2016 թվականի ամռանը։
Այստեղ պետք է ճիշտ շեշտադրումներ անել. ոչ թե պատերազմն է ազդել այս կամ այն դերակատարի դիրքորոշման փոփոխության վրա, այլ դիրքորոշումների փոփոխությունն է հնարավոր դարձրել Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը՝ Թուրքիայի ղեկավարությամբ և մասնակցությամբ։
Նվազեցնել ռիսկերն ու օգտագործել հնարավորությունները
«Ընթացող աշխարհաքաղաքական գործընթացի տրամաբանությունն ու բովանդակությունը հուշում են, որ Հարավային Կովկասի և Իրանի տարածքը գտնվելու է աճող կոնֆլիկտայնության վիճակում։ Գագաթնակետը լավագույն դեպքում կարող է հաղթահարվել երեք-չորս տարում։ Չեմ ակնկալում, որ այդ ժամանակահատվածում կքննարկվեն և կհամաձայնեցվեն տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ամուր երաշխիքներ։
Դժվար է լինելու։ Հատկապես Լեռնային Ղարաբաղում։ Գալիք փոփոխությունները պարունակում են հսկայական ռիսկեր և միաժամանակ նոր հնարավորություններ։
Հետևաբար, պահանջված է լինելու ռիսկերը նվազագույնի հասցնելու և հնարավորությունները առավելագույնս օգտագործելու կարողությունը»։
Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթաց